ՎԵՐԴԻԻ «ՍԻՄՈՆ ԲՈԿԱՆԵԳՐԱ»-Ն ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Օպերային արվեստի սիրահարների համար տարեվերջը կնշանավորվի մի հետաքրքիր իրադարձությամբ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ակադեմիական երգչախումբը դեկտեմբերի 25-ին եւ 27-ին կներկայացնեն Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերան:
«Հայաստանի համար սա լիարժեք նորություն է : Հայ հանդիսատեսը Ֆիեսկոյի արիայից բացի ոչինիչ չգիտի այս օպերայի մասին»,- ասաց ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Օպերան, մաեստրոյի գնահատմամբ, Վերդիի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկն է, հետաքրքիր է եւ երաժշտությունը, եւ պատմությունը: «Սիմոն Բոկանեգրայի» առաջին ներկայացումը անցել է անհաջող, որից հետո հեղինակն այն մշակել է: Երկրորդ ներկայացումը եղել է 24 տարի անց: Հայաստանում այն կատարվում է առաջին անգամ: Ներկայացման բացառիկությունը մաեստրոն պայմանավորում է ոչ միայն նրանով , որ մեզ մոտ առաջին անգամ է բեմադրվելու , այլ նաեւ այն փաստով, որ առանձնահատուկ է դերասանական կազմը՝ Մկրտիչ Բաբաջանյան, Իրինա Զաքարյան, Բարսեղ Թումանյան, Արա Ավանյան: Էդուարդ Թոփչյանի համար ուրախալի է հատկապես այն, որ ներկայացումը կայանալու է աշխարհահռչակ հայ կատարողների մասնակցությամբ, գլխավոր դերի կատարման համար Գերմանիայից Հայաստան է եկել Մկրտիչ Բաբաջանյանը, Ֆրանսիայից՝ Արա Ավանյանը:
Հետագա ներկայացումների մասին մաեստրոն դեռեւս չի մտածում, բայց կարծում է , որ եթե լինի անհրաժեշտություն նորից կբեմադրեն: Սակայն դատելով ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի մտահոգությունից, թե դասական երաժշտության նկատմամբ հայ հանդիսատեսի անուշադիր է, դժվար է ենթադրել , որ նման անհրաժեշտություն կծագի: « Ամբողջ աշխարհում դասական երաժշտությունը դեռ առաջնակարգ տեղ չի գրավում , դա նորմալ է ՝ բարդ արվեստ է, բայց, իմ կարծիքով , մեզ մոտ մի քիչ շատ է ստացվում »,-նշում է նա:
Նա ցավով է նկատում , որ արտասահմայան էստրադային աստղերի համերգներին մեր դահլիճները լիքն են լինում, իսկ , երբ Նինսոնի նման դիրիժորը գալիս է, որեւէ մեկը չի գալիս: Երաժիշտի մտահոգության հիմնական առարկան ,սակայն, ոչ թե հանդիսատեսի , այլ պետության անտարբերությունն է : «Ես ա մեն առավոտ աղոթում եմ ՝Աստված պինդ պահի ՀԲԸՄ-ին, որն արդեն 15-16 տարի է՝ հովանավորում է ֆիլհարմոնիկին: Պետությունից 15 հազար ենք ստանում»,- ասում է նա: Մաեստրոն ուրախությամբ է պատմում, որ արտասահմանյան շատ հայտնի կատարողներ գալիս են Հայաստան ընդ որում չնչին գումարներով, բայց որքա՞ն կարող է դա շարունակվել: Ըստ նրա, այստեղ մարդիկ աշխատում են ավելի շատ էնտուզիազմով, անձամբ իրեն՝Թոփչյանին, այստեղ պահում է գործընկերների հետ ջերմ հարաբերությունները:
«Մինչեւ պետական աջակցթուն չլինի, այս ամեն ինչը բարձր մակարդակի վրա չի լինի»,- ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Սպասվելիք բեմադրության միակ թերությունը կարելի է համարել այն, որ դեկորացիաներ չեն լինելու, պատճառը, ըստ Էդուարդ Թոփչյանի այն է, որ դեկորացիաները բավարար չեն: