ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՑՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ին
Գորգագործությունը վերջնական մոռացությունից փրկելու նպատակով Երեւանի պատմության թանգարանը կազմակերպել էր հերթական` երրորդ ցուցահանդեսը, «Պատմում են գորգերը» խորագրով:
Ցուցահանդեսին ներկայացված էր շուրջ 70 գորգ, խուրջին, ժանյակներ եւ դրանց ստեղծաման համար անհրաժեշտ պարագաներ՝ դազգահ, ճախարակ, իլիկներ, մկրատներ, սանրեր եւ այլ իրեր պատմում էին մեր պատմության, հավատալիքների, կենցաղի մասին: Ինչպես թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն ասաց. «Գորգագործությունը օգնել է հայ ժողովրդին պահպանել եւ նյութական, եւ հոգեւոր գոյությունը:
Յուրաքանչյուր զարդանախշ յուրովի է ներկայացնում այն»: Եթե հաշվենք Հայաստանի բոլոր թանգարանների ցուցանմուշներն, ապա նրանց ընդհանուր թիվը չի գերազանցի հինգ հազարը:
Ի դեպ, Հայկական գորգերի եւ գորգագործների մասին պատմության մեջ բազմաթիվ հիշատակումներ կան: Մասնավորապես Մարկո Պոլոյի շնորհիվ արդեն 13-րդ դարում ամբողջ Եւրոպան ճանաչում էր մեր գորգերը, եւ դրանք անվանում աշխարհի ամենագեղեցիկ գորգերը: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացու եւ Ներոն կայսեր պալատները զարդարված էին կարմիր թելերով գործված հայակական յուրահատուկ զարդանախշ գորգերով: Մեր օրերում, սակայն, գորգագործությունն այնքան էլ մեծ տարածում չունի: Վերջին 33 տարում 100 հազար գորգ է արտահանվել երկրից, որը, տիկին Սարգսյանը մշակութային մեծ կորուստ է համարում: Ցուցահանդեսին ներկայացված գորգերից ամենահինը 1780թ. Վասպուրականում ստեղծված «Պարտեզագործ»-ն է: Ընդամենը 5 գորգ կար, որ արտադրվել էր «Հայ գորգ» միավորումում, մնացած բոլոր գորգերը ձեռագործ էին:
Ներկայացված էին ինչպես գեղարվեստական մեծ արժեք ներակայցնող, թանկ գորգեր, այնպես էլ ուղղակի թեմատիկ առումով հետաքրքիր նմուշներ: Արձակագիր, մշակութաբան Վահրամ Թաթիկյանը, ով 35 տարի է, ինչ զբաղվում է գորգերի ուսումնասիրությամբ, այն ակրծիքին է, որ հայկական կարպետներն ու գորգերն այսօր այնքան մրցունակ չեն միջազգային շուկայի համար, քանի որ չկա աշխարհին համապասխան ներկայացնելու ոչ ձեւ, եւ ոչ էլ մարդիկ. «Շատ գորգեր վերանորոգման խնդիր ունեն, իսկ շատ դեպքերում պակասում է համապատասխան հումքը՝ ներկեր, բուրդ, եւ, ամենակարեւորը, մարդիկ՝ գորգագործներ»: Այսօր Թուրքիայում, նրա խոսքերով, ավելի շատ գորգ է ստեղծվում՝ մոտ 100 հազար նմուշ, քան Հայաստանում, որտեղ մեկ տարվա կտրվածքով, երեւի թե, մոտ հարյուր գորգ է գործվում: