ԴՈՒԴՈՒԿԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինԴուդուկի երաժշտությունն այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս ծրագիրը նպատատակաուղղված է համամարդկային նշանակություն ունեցող մշակութային արժեքների պաշտպանությանը: Հայ նշանավոր դուդուկահար Գեւորգ Դաբաղյանն ասում է, որ այսօր դուդուկն աշխարհում լայն տարածում է ստացել, բայց ցավալի է, որ հաճախ այն գործածվում է անտեղի՝ նսեմացնելով նրա արժեքը: «Պետք է դուդուկի ճիշտ պրոպագանդա լինի աշխարհով մեկ, եւ կենտրոնը պիտի լինի Հայաստանը»,- այդպես բնորոշեց դուդուկի երաժշտության զարգացման հետագա ծրագիրը հայ երաժիշտը:
Ճանաչվելով ծրագրի հաղթողներից մեկը՝ դուդուկի երաժշտությունն այսուհետեւ տարածման ավելի լայն հնարավորություն է ստանում:
Նախատեսվում է, որ 2006-2010թթ ընթացքում կկազմակերպվեն դուդուկահարների փառատոններ, եւ որ ամենակարեւորն է՝ Հայաստանում կստեղծվեն կենտրոններ, որտեղ կպատրաստվեն որակյալ մասնագետներ: «Կան միջազգային բազմաթիվ հրավերներ, բայց երաժիշտները քիչ են:
Մենք պետք է կարողանանք պատրաստել մասնագետներ, որոնք միջազգային ասպարեզում դուդուկը կներկայացնեն ճիշտ եւ գեղեցիկ»,- ասում է արվեստագետը: