«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ Է»
Աջակցիր «Ա1+»-ին«Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ («Հայֆիլմ») գլխավոր տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, իր բառերով, որոշել է «ջարդել այն մտայնությունը, որ մասնավորեցումից հետո ցանկացած կառույցի ճակատագիր մի քիչ այն չի լինում»: Պարոն Գեւորգյանն այսօր ասուլիս էր հրավիրել ներկայացնելու «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ Գաֆեսճէան Ընտանիքի Հիմնադրամի կողմից մասնավորեցումից հետո իրականացվող աշխատանքները, որոնց շնորհիվ «հայկական կինոն վերականգնվելու է եւ նորացվելու»:
Առաջին եւ կարեւոր ձեռքբերումն, ըստ նրա, այն է, որ արդեն ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն Մոսկվայում, արխիվում պահվող հայկական կինոյի բոլոր նմուշները կտեղափոխվեն Հայաստան եւ կթվայնացվեն: «Մեզանից առաջ Վրաստանը, Ուկրաինան, այլ ԱՊՀ երկրներ դիմել են ռուսական արխիվ՝ ստանալու համար իրենց ֆիլմերի օրիգինալները եւ բոլոր դեպքերում էլ մերժվել էին»,- գործարքի կարեւորությունը շեշտելու համար ավելացրեց «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ գլխավոր տնօրենը՝ ասելով, թե հաջողության պատճառը «Հայաստանի հանդեպ սերն է ու անձնական կապերը»:
««Հայֆիլմ» կինոստուդիան, այսուհետեւ որպես մասնավոր կառույց, Հիմնադրամի ներդրումային ծրագրերով սկսում է վերափոխվել եւ դառնալ գերժամանակակից կինոֆաբրիկա»,- հայտարարեց պարոն Գեւորգյանը՝ նշելով հանդերձ, որ իրենք զերձ են մնալու ամպագորգոռ եւ չհիմնավորված հայտարարություններից եւ առաջնորդվելու են միայն «բարոյական եւ տնտեսական արժեքներով»: Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ է Գաֆեսճէան Ընտանիքի Հիմնադրամը ավարտել մասնավորեցման անհրաժեշտ բոլոր պետական գրանցումները:
«2006թ վերջին արդեն կերեւան մասնավորեցման արդյունքները»,- վստահեցնում էր պարոն Գեւորգյանը: Գարնանից «Հայֆիլմում» սկսվելու են վերանորոգման աշխատանքներ՝ կինոարտադրության միջազգային չափանիշներին համապատասխան: Մեկ տարի անց երկու նոր ֆիլմեր էլ են լինելու՝ մեկը Ալբերտ Մկրտչյանի «Այգաբաց» ֆիլմն է, երկրորդը՝ գերմանական մի ընկերության հետ համատեղ «Հայֆիլմի» բազայի վրա նկարահանվելիք «Մուսա լեռան 40 օրը» գեղարվեստական ֆիլմը՝ 35 մլն դոլար բյուջեով: Ի դեպ, նոր կինոխցիկները հարակակից պարագաներով արդեն գնվել են եւ 2006թ առաջին եռամսյակում կբերվեն Հայաստան: Իսկ առաջիկայում էլ կձեւավորվի գեղարվեստական խորհուրդ, որը կորոշի՝ «ինչ ուղղությամբ պետք է գնա հայկական կինոն»:
Ավելացնենք, որ այսօր «Հայֆիլմում», ավելի ստույգ «Սի Էս ֆիլմզ»-ում առաջին աշխատավարձի օրն էր: Նրանք միանգամից ստանում էին դեկտեմբեր եւ հունվար ամիսների աշխատավարձը: Ըստ Գեւորգ Գեւորգյանի, բոլորի աշխատավարձը՝ թե հավաքարարինը, թե ինժեներինը այս անգամ նույն է` 50000 դրամ: Աշխատավարձային դասակարգումը լինելու է տարեսկզբից: «Սի Էս ֆիլմզ»-ը ներկայումս ունի 167 աշխատակից: «Կրճատումներ չեն եղել եւ առաջիկայում չեն լինի»,- վստահեցրեց Գեւորգ Գեւորգյանը: