ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ԱՇՈՒՂՆԵՐ ԷԼ ԿԱՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք ունենք տարածաշրջանը ներկայացնող լավագույն աշուղական դպրոցներ, սակայն միշտ ներկայացվել են Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի եւ մյուս մեծերի արվեստը, սակայն երբեւէ չեն ներկայացվել Շիրակի, Ջավախքի, Պարսկաստանի աշուղները»,-ասում է Ջիվանու անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանը:
Իրանահայ մշակույթի ունի ավելի քան 400 տարվա պատմություն, բայց ինչպես ասում է Թովմա Պողոսյանը, այն դեռեւս պատշաճ կերպով չի ներկայացվել:Այդ բացը լրացնելու նպատակով Ամերիկահայ մշակութային ֆոնդի «Փերիա» կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված իրանահայ աշուղական արվեստին:
Համերգը կրում է «Կարոտի կանչ 3» խորագիրը, ներկայացվելու են Իրանի Փերիա գավառի տասնչորս աշուղների ստեղծագործությունները: Ընդգրկված է 25 ստեղծագործություն, որից 24-ը՝ հայերեն: Պարսկերեն միակ ստեղծագործության ընդգրկումը կազնակերպիչների պատճառաբանում են այսպես. սա հարգանքի տուրք է այն երկրին, որտեղ ապրել եւ ստեղծագործել են մեր աշուղները:
Համերգի գաղափարը Լոս-Անջելոսում գործող «Փերիա» մշակութային կենտրոնինն է, Թովմաս Պողոսյանն էլ ուրախությամբ միացել է այդ նախաձեռնությանը: Հատկանշական է , որ կենտրոնի կազմակերպած բոլոր համերգները, ինչպես նաեւ նրանց թողարկված ձայնասկավառակները ունեն «Կարոտի կանչ» խորագիրը:
«Փերիա» -ի տնօրեն Մասիս Բաղդասարյանն ասում է, որ համերգները շարունական բնույթ կունենան: Նախատեսվում է , որ հաջորդ տարվա նից խումբը համերգային նույն ծրագրով ելույթ կունենա Իրանում, ԱՄՆ-ում եւ հայաշատ այլ երկրներում: