Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆՈՐՄԱՆ» ՆԱԵՎ ՖԻԼՄ Է

Մշակույթ

Աշխարհում առաջին անգամ կցուցադրվի Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայի 2 ժամանոց կինոտարբերակը, որի ռեժիսորն է հայազգի կինոբեմադրիչ Բորիս Հայրապետյանն է: Նա 20 տարվա ընդմիջումից հետո է վերականգնել ֆիլմ-օպերայի ժանրը… Այն դեկտեմբերի 8-ին կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ «ՌՈՍԱՌ» ռուս-հայկական միջռեգիոնալ համագործակցության կենտրոնի նախաձեռնությամբ:

Ֆիլմում նկարահանվել են են Հասմիկ Պապյանը, Գեղամ Գրիգորյանը եւ Վարդուհի Խաչատրյանը: Նկարահանումները արված են Հայաստանում: «Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի պատմական վայրերում՝ Գառնի, Գեղարթ, Զվարթնոց, որտեղ թվում էր թե ամեն ինչ՝ թե բնությունը, թե վանքերը օգնում էին ֆիլմի ստեղծմանը»,- ասում է Բորիս Հայրապետյանը:

Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են Ռուսաստանի մշակույթի եւ կինոմատոգրաֆիայի ֆեդերալ գործակալությունը եւ «Էյ-Բի-Էյ» ստուդիան: Ֆիլմը ցուցադրվել է միայն Մոսկվայում, սակայն, ինչպես հավաստիացրեց Մշակույթի գործիչների համահայկական լիգայի նախագահ Դավիթ Ղազարյանը, աշխարհի 28 երկրներում ցանկություն են հայտնել ֆիլմը ցուցադրելու:

Հայաստանում 3 անգամ փորձ է արվել ցուցադրելու ֆիլմը, սակայն ինչ-ինչ խոչնդոտների պատճառով չի ցուցադրվել: Ֆիլմի վրա կատարված ծախսերի մասին Բորիս Հայրապետյանը հրաժարվեց խոսել. «Շատ կոնֆիդենցիալ է: Գումարի չափը չեմ ասում, որ չասեն` քիչ գումարով պրոֆեսիոնալ ֆիլմ է արված»:

Ի դեպ, ռեժիսորը կարծում է, որ օպերայի աշխարհում «Նորմա»-ն համարվում է շատ բարդ՝ եւ երաժշտության, եւ բեմադրման տեսանկյունից: