Երևանյան դպրոցը զուտ քաղաքական դասընթացների ասպարեզ չէ. ՔԴԵԴ-ը դարձավ 10 տարեկան
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի Ֆեյսբուքյան գրառումը.
ՄԵՆՔ ԿԱՆՔ ԱՐԴԵՆ ՄԵԿ ՏԱՍՆԱՄՅԱԿ
2005-ի այս օրը՝ հունիսի 29-ին պաշտոնապես բացվեց Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը: Այս ընթացքում դպրոցի շրջանակներում քով-քովի է եկել հայ երիտասարդների ավելի քան երեք հարյուրյակ, որոնց գործունեությունն այս կամ այն չափով ազդում է երկրում որոշումների ընդունման և հասարակական կարծիքի ձևավորման վրա:
Նախարար, փոխնախարարներ, պատգամավորներ, լրագրողներ, դասախոս-գիտնականներ, հոգևորականներ, տարբեր կուսակցությունների պատասխանատուներ, քաղաքացիական ակտիվիստներ, ավագանու անդամներ ու վարչական աշխատողներ ու էլի տասնյակ համակրելի երիտասարդ ինտելեկտուալներ, որ անցել են դպրոցով: Նրանք ոչ միայն ընկերներ են, այլև ընդդիմախոսներ, բայցև, բոլոր դեպքերում, մարդիկ են, ում մտահոգում է Հայաստանի ապագան: Շարքը համալրվում է ամեն տարի: Արդյունքներն, անշուշտ, տեսանելի են, բայց, այդուհանդերձ, ավելին հնարավոր էր ու կարելի:
Բայցևայնպես, Երևանի դպրոցի խնդիրները նույնական լինելով, նույնը չեն, ինչ-որ արդեն ԵՄ անդամ դարձած երկրների դպրոցներինը: Այստեղ դեռ պետությունը ճանապարհ ունի անցնելու, իր իրավական բնույթն անսակարկելիորեն անկյունաքար դարձնելու հաստատակամությամբ: Այդ դեպքում ՔԴԵԴ-ի իմաստն ավելի առարկայաբար կդրսևորվի, փոխանցվող կիրառական գիտելիքը վարքագիծ կսահմանի ու կենսագործունեություն կդառնա այն մարդկանց համար, ովքեր առաջնորդության են հավակնում 21-րդ դարի Հայաստանում:
Երևանյան դպրոցը զուտ քաղաքական դասընթացների ասպարեզ չէ, գուցե թե ոչ պակաս, միգուցե ավելի` քաղաքացիական կրթության միջավայր է այն, ուր ոչ միայն խոսում են ազգային, ռեգիոնալ և գլոբալ մարտահրավերների մասին, այլև քննարկման նյութ դարձնում այն արժեքները, որոնցով պիտի ձևավորվի իրավական պետություն Հայաստանի ՔԱՂԱՔԱՑԻՆ: «Իրավական պետություն-պատասխանատու քաղաքացի» սա է այն զուլալված հեռանկարը, որ անկախության գրեթե քսանհինգամյա խոտոր զարգացումների խորապատկերին պատկերանում է մեզ իբրև բացարձակ գաղափար, իբրև անկյունաքար Հայաստանի քաղաքակիրթ ապագայի:
Եվրոպական քաղաքակիրթ ազգերի ընտանիքում իր ժողովրդավարական ու քաղաքացիական արժեհամակարգով Հայաստանն է մեր տեսլականը: Նպատակ, որ կարող է իրագործել բացառապես կիրթ ու կրթված քաղաքացին: Գիտելիք և իմացում, ինքնաճանաչում և աշխարհաճանաչում: Ճանապարհ, որով հարկավոր է լինելու անցնել Աստծո ամեն օր: Հետևաբար, կրթական գործի մեջ մեզ վերապահված առաքելության չափով շարունակելու ենք ձգտել անել առավելագույնը, որպեսզի ինտելեկը պահանջարկված լինի այնտեղ ու այն նպատակի ճանապարհին, որը կոչվում է արդիական Հայաստան: Հասարակությանն առաջնորդելու հավակնություններ ունեցող ՔԴԵԴ-ի մասնակիցների առումով մեր նպատակը միակն է` բոլորին ժամադրում ենք այնտեղ:
