Առաջին հասարակական շարժումը, որտեղ չարություն չկա (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում պայքարողների շարքում են նաև Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի սաները, գրչակից ընկերները։ Նա հպարտ է այդ կապակցությամբ, ինքն էլ անձամբ հետևում է իրադարձություններին։ «Սա նոր Հայաստանն է. նոր է ավյունը, քաղաքակիրթ պահվածքը թե երիտասարդների, թե ոստիկանության կողմից»։ Երևանի գրողների միության ղեկավարին նաև դուր է եկել այն, թե ինչպես են իրենց դրսևորել երիտասարդները ռուսական լրատվամիջոցների հանդեպ։ «Սա առաջին հասարակական շարժումն է, որտեղ չարություն չկա և մենք՝ մտավորականներս, պետք է ամեն ինչ անենք, որ այս տրամադրությունը չվերանա։ Սա Հայաստանի պարծանքն է»,-վստահ է պարոն Ափինյանը։ Նա միայն ուզում է, որ ՀԷՑ-ում աուդիտի համար ձևավորվող հանձնաժողովն անդրադառնա նաև այլ խնդիրների, որոնք կուտակվել են մեր երկրի առջև։ Իսկ ոստիկանությանը կոչ է անում՝ որևէ ուժ չկիրառել ցուցարարների հանդեպ։ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ սխալ է համարում շարժումը ուկրաինական մայդանի հետ համեմատելը։ «Ախպեր, իրենք իրենք են, մենք մենք են։ Ի՞նչ գործ ունենք»։ Նա վստահ է, որ վերջին օրերին եղած փոփոխությունները հենց հասարակական ընդվզման արդյունք են։ «Այն, որ Կրեմլը կռացավ և Պերմյակովի գործը հանձնեց մեզ, դա երիտասարդների ճնշման արդյունք է»։ Այն, ինչ բաշխիչ ցանցերում է կատարվում, պարոն Սադոյանը խայտառակություն է որակում։ «Այս խայտառակ պրոբլեմը, ես մազաչափ չեմ կասկածում, որ պարտադրել են Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովին»,-վստահ է նա։ «Եթե ՀԷՑ-ում աուդիտ լինի, կեղտերը լույս աշխարհ կգան»,-հավելեց Հանրային խորհրդի անդամը։ «Սա ազնիվ, քաղաքացիական հասարակություն ձևավորող շարժում է»,-իր հերթին շեշտեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Նա նաև հիշեցրեց. «Մենք վեց ու կես տարի ապրել ենք մոմի լույսի տակ։ Որքան երեխաներ չծնվեցին, որքան արտագաղթ եղավ»։ Պարոն Պողոսյանը շեշտում է, որ պետք է հնարավորինս ապահովել էլեկտրաէներգիայի անվտանգ ապահովումը։ «Առանց ջերմության մարդկանց մոտ հիվանդությունները մոտ 2 տոկոսով ավելանում են»,-եզրափակեց նա։