Ոստիկանության նոր հայտարարությունը
ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն է տեղադրել իր կայքում. Հարգելի քաղաքացիներ Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքի մասնակիցների և լրագրողների շրջանում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` պատգամավորներ բացատրական աշխատանքներ են տանում այն մասին, որ խաղաղ հավաքը ենթակա չէ դադարեցման, և ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին: Ոստիկանությունը մինչ այս պահը /հունիսի 28-ի ժամը 20.36/ չի խոչընդոտել հավաքի իրականացմանը, մասնակիցների նկատմամբ ուժ չի գործադրել, հավաքի փաստացի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության չի ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ »ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, շարունակել է պահպանել հասարակական կարգը, այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը: Այսինքն` կատարել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` խաղաղ հավաքին աջակցելու պարտականությունը: Հայտարարում ենք, որ նշված պարտականությունը ունի իր կատարման սահմաննները և չի կարող կաշկանդել ոստիկանությանը` բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հավաքը դադարեցնելու հիմքերը: Համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի` Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։