Հնարավորություն՝ նվագել Ստրադիվարիուսի, Գալիանոյի գործիքներով (տեսանյութ)
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում մեծ կոմպոզիտորի տուն թանգարանում բացվել է 18-19-րդ դարերին պատկանող ջութակների ցուցահանդես-վաճառք: Շվեյցարական Del Gesu հիմնադրամի հետ համագործակցությամբ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը Ա. Խաչատրյանի տուն թանգարանում ներկայացնում է Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի և աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած 8 ջութակները: Del Gesu հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Դիմիտրեսկուն «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, որ իր համար մեծ ուրախություն է գտնվել Հայաստանում և մասնակցել նման միջոցառման: «Իսկապես մեծ հաճույք ու հպարտություն եմ ապրում, որ նման միջոցառման ու մրցույթի մի մասնիկն եմ: Ինձ համար երանելի օրեր են Հայաստանում»,- ասաց նա: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն այս տարի մեծ անակնկալ են պատրաստել. դափնեկիրներից մեկին 1 տարի ժամկետով նվագելու իրավունքով կտրվի ցուցադրված գործիքներից մեկը` 1825 թվականին ստեղծված: Ավելացնենք, որ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ցուցադրվող հազվագյուտ ջութակների ցուցադրությունն այցելուների համար դեռևս բաց կլինի երկու օր` հունիսի 7-ին և 8-ին: