Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպորտ

ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՄԻԿԱՆ» Է

Շախմատային «Միկա» ակումբը Հայաստանի առաջնության 3-րդ տուրում 3.5–2.5 հաշվով հաղթեց մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Շախմատի դպրոցի թիմին: Այժմ այս 2 թիմերը 11-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Շախմատի ակադեմիայի թիմը, որ այս տուրում 4.5–1.5 հաշվով հաղթեց Համալսարանի թիմին:

3 ՍՊԻՏԱԿՆԵՐՈՎ, 2 ՍԵՎԵՐՈՎ

Շաբաթ օրը Ռուսաստանի Խանտի–Մանսիյսկ քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի անհատական առաջնությունը, որին մասնակցում են 128 շախմատիստներ: Հայաստանից մրցաշարին մասնակցող 5 շախմատիստներից 3-ը՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Կարեն Ասրյանը կհանդիպեն վարկանիշով իրենցից ցածր շախմատիստների հետ, իսկ Ռաֆայել Վահանյանին եւ Արտաշես Մինասյանին լուրջ փորձություն է սպասվում: Արոնյանը սպիտակներով առաջին փուլում հանդիպելու է եգիպտացի Ալի Ֆրհաթի հետ, Հակոբյանը՝ ավստրիացի Լանե Գրանի, Ասրյանը՝ չինացի Յու Վանգի: Վահանյանը եւ Մինասյանը սեւերով կհանդիպեն համապատասխանաբար Ռոբերտ Կեմպինսկու եւ Լուկ Վան Վելիի հետ:

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿՀԵՌԱՆԱ «ԴԻՆԱՄՈՅԻՑ»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ամենայն հավանականությամբ կհեռանա Մոսկվայի «Դինամո»-ից: Փորձառու դարպասապահն արդեն երկար ժամանակ է հայտնվել է պահեստայինների նստարանին, իսկ մոսկովյան ակումբի հիմնական կազմում նրա փոխարեն ընդգրկվել է պորտուգալացի Նունուն: Բերեզովսկու ծառայություններով հետաքրքրված են մի շարք ռուսական եւ արտասահմանյան ակումբներ, սակայն առայժմ հայտնի չէ, թե Ռոմանը որ թիմ կտեղափոխվի: Վերջերս «Դինամո»-ն գլխավորող Յուրի Սյոմինը որոշել է տրանսֆերի հանել մի շարք ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահը: