«Անատեմա» ռոք խմբի անդամներից մեկը լավ չի զգում, բայց համերգը կկայանա» (տեսանյութ)
Ռոքի սիրահարներն այսօր երեկոյան 20.00-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կունկնդրեն բրիտանական «Անատեմա» ռոք խմբին։ «Անատեման» Հայաստան է ժամանել երեկ երեկոյան։ Թեև խմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատ է, սակայն համերգի կազմակերպիչ One production ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը վստահեցրել է, որ համերգը կկայանա։ Իսկ թե ինչո՞ւ է այն անցկացվում քաղաքի ամենափոքր դահլիճներից մեկում, նա նշել է. «Մյուս բոլոր դահլիճներն այս պահին հարմար չէին. կամ վերանորոգում է իրականացվում շատերում, կամ արդեն զբաղված է»։ Խմբի համերգին ելույթ կունենա նաև հայաստանյան «The beautified project»-ը։ Խմբի մենակատար Անդրե Սիմոնյանի խոսքով՝ մեր երկրում ռոք համերգների համար նախատեսված դահլիճներ չկան։ Օրինակ Օպերայի և բալետի ազգային - ակադեմիական թատրոնում սխալ է նման համերգ իրականացնելը, քանի որ այնտեղ միայն օպերա պետք է հնչի։ Իսկ Պարոնյանի անվան թատրոնը համեմատաբար հարմար է։ «Իրենց ներկայությունը Հայաստանում մշակութային մեծ ներդրում է։ Ես 15 տարեկանից լսել եմ այս խմբի երգերը, եղել 8 համերգների։ Շատ ուրախ եմ, որ «Անատեման» մեր երկրում համերգ կունենա»,-շեշտել է Անդրեն։ One production-ի տնօրեն Վարդուհի Դավթյանն իդեպ տեղեկացրեց, որ երեք, չորս օրում վաճառվել է համերգի տոմսերի 80 տոկոսը։ Իրենց կազմակերպած ևս մեկ համերգ տեղի կունենա հունիսի 27-ին՝ ռուսական Би-2 խմբի մասնակցությամբ։