«Ա1+»-Ը ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 26-ին հայտնի կդառնա Հայաստանի 2005թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստը, որը կորոշվի ՀՖՖ մամուլի քարտուղարության կողմից անցկացվող հարցման շնորհիվ: Վերջինիս կողմից ներկայացված հարցաթերթիկում ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ մասնագետները պետք է ըստ հերթականության նշեն լավագույն 3 ֆուտբոլիսներին:
Ա1+-ը 1-ին տեղում նշել է «Բանանցի» ֆուտբոլիստ Արամ Հակոբյանին, այնուհետեւ «Միկայի» կիսապաշտպան Արմեն Շահգելդայնին եւ «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանին:
Արամ Հակոբյանը այս տարի հիանալի մրցաշրջան անցկացրեց եւ կրկին հրավիրվեց ազգային հավաքական: Հակոբյանը առաջնությունում անկասկած լավագույնն էր եւ «Բանանցի» ընդգծված առաջատարը: Փորձառու ֆուտբոլիստը «Բանանցի» կազմում հիանալի հանդես եկավ նաեւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ 4 խաղում խփելով նույնքան գնդակ:
Հատկապես հիշարժան էին «Բանանց» - «Դնեպր» խաղում Արամի խփած 2 գեղեցիկ գոլերը, որոնցից 2-րդը ընդհանրապես ամենագեղեցիկներից մեկն էր հայկական ֆուտբոլում: Սակայն առանց միջազգային ելույթների էլ Հակոբյանին կարելի է լավագույնը համարել միայն առաջնության ելույթների հիման վրա:
Արմեն Շահգելդյանը բավական փորձառու ֆուտբոլիստ է եւ «Միկայի» առաջատարը: Շահգելդյանի մոտ, ֆուտբոլային լեզվով ասած, 2-րդ շնչառությունն է բացվել եւ առանց նրա «Միկան» լրիվ ուրիշ թիմ է:
Ի տարբերություն վերը նշված ֆուտբոլիստների, անհամեմատ երիտասարդ է Ռոբերտ Արզումանյանը: «Փյունիկի» պաշտպանը արդեն բավական հասուն խաղ է ցուցադրում եւ պատահական չէ, որ դարձել է ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Արզումանյանը մարտին Հայաստանի հավաքականում անցկացնելով իր առաջին հանդիպումը Անդորրայի հետ, հետագայում կարողացավ ամրապնդվել մեր ընտրանու կազմում եւ հանդես գալ Հոլանդիայի, Չեխիայի, Ռումինիայի եւ մյուների հետ կայացած դժվարին խաղերում: