Դեմիրճյանը չէր ընդգծում «աստիճանների ստատուսների տարբերությունը» (տեսանյութ)
Գափոյի «Հի–հի, հա–հա» նկարը, Գարզուի, Վարուժան Ավետիսյանի եւ այլոց աշխատանքները մեկ վայրում էին։ Այսօր, Կարեն Դեմիրճյանի թանգարանում Գեղարվեստի ակադեմիայի հետ համատեղ ներկայացվեց գեղանկարների ցուցահանդես՝նվիրված Հայոց Ցաղասպանության 100-րդ տարելիցին։ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանն իր խոսքում նշեց.«Թեպետ շատ ցուցահանդեսներ են լինում, բայց այս ցուցահանդեսը մեր հիշողության մեջ կմնա. մենք համարում ենք, որ Կարեն Դեմիրճյանը մեր կողքին է եւ այս թանգարանում՝այս գողտրիկ վայրում, ամեն մեկը իր լավագույն աշխատանքներն են ներկայացրել»։ Կարեն Դեմիրճյանի այրին՝Ռիմա Դեմիրճյանը, եւս ներկա էր ցուցահանդեսի բացմանը. «Ասում են՝արվեստը սահմաններ չի ճանաչում։ Արվեստը միացնող է եւ առիթ է պետք, որ միանան մարդիկ։ Ես ուրախ եմ, որ այդ առիթը հանդիսացել ենք մենք։ Կարեն Դեմիրճյանը սիրում էր արվեստագետներին եւ երբեք չէր ընդգծում աստիճանների ստատուսների տարբերությունը։ Նա այստեղ չի, բայց նրա հոգին այստեղ է։ Կարեն Դեմիրճյանը կարող էր ուրախանալ լավ օրով, լավ հանդիպումներով, լավ մարդկանց հետ ծանոթանալով։ Այսօր լավ օր է, լավ եղանակ, ուրեմն դուք՝արվեստի մարդիկ,կարող եք եւ բավարավել քչով. ամենահարուստը նա է, ում տոները էժան են»։ Երիտասարդ գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանը ցուցահանդեսին ներկայացրել էր «Հայկական մոտիվ» խորագրված եռանկարներն ու »Ծնունդ»–ի պատկերը։ «Հայկական մոտիվ» անվանումը կրող նկարներում պատկերել է քարեր, որոնք խորհրդանշում են հայության ուժը.«Սիրում եմ քարեր, դրանք մեր պատմությունն են, որոնք մեզ փրկել են»,–ասում է գեղանկարիչը։ Խոսելով «Ծնունդ» նկարի մասին, ասաց.«Ծնունդը շարունակության խորհրդանիշ է, քանի դեռ նոր սերունդը, երեխան կա, մենք շարունակելու ենք գոյություն ունենալ»։ Այս ցուցահանդեսին ներկայացված է 75 աշխատանք, բաց է մինչեւ մայիսի 31–ը։ Ի դեպ, Կարեն Դեմիրճյանի թանգարանի երկրորդ ցուցասրահում ներկայացված են փաստավավերագրական նյութեր, Կարեն Դեմիրճյանի գործունեությունը՝Ցեղասպանության ճանաչման եւ միջազգայնացման գործընթացում։