Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականը աշխարհի թիմային առաջնությունում գրավեց 3-րդ հորիզոնականը՝ նվաճելով բրոնզե մեդալներ:

Մեր ընտրանին վերջին տուրում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Կուբայի հետ: Բոլոր 4 խաղատախտակների վրա էլ գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Ակնհայտ է, որ հայ շախմատիստները չեն փորձել ռիսկի դիմել եւ հենց իրենց կամքով է այդպիսի արդյունք գրանցել Կուբայի հավաքականի հետ, որը բավական համեստ թիմ էր եւ իր խաղամակարդակով զգալիորեն զիջում էր Հայաստանին: Նշված 4 պարտիաներում շախմատիստները խաղաղ ելք են կնքել 15-20-րդ քայլերում:

Հայաստանի ցույց տված արդյունքը եւս մեկ անգամ փաստեց, որ շախմատային աշխարհում մենք լավագույններից մեկն ենք եւ այսօր մարզական հաջողությունները հիմնականում կապված են այս մարզաձեւի հետ: Մյուս կողմից էլ հայ շախմատիստներից սպասելիքները ավելի մեծ էին, քանի որ նման հաջողություններն արդեն մեզ համար անակնկալ չեն եւ Հայաստանը այս առաջնությունում կարող էր եւ ավելի բարձր տեղ գրավել: Դա ապացուցվեց նաեւ առաջնության նախորդ տուրում Չինաստանի հետ կայացած մրցավեճում:

Ի դեպ, Չինաստանի հավաքականը վերջին տուրում չեմպիոնի կոչումը զիջեց Ռուսաստանին: Չինացիները վերջին տուրից առաջ 2.5 միավորով գերազանցում էին ռուսներին: Սակայն Ռուսաստանին հաջողվեց 3.5-0.5 հաշվով հաղթել եւ դառնալ չեմպիոն: Չինացիները բավարվեցին միայն 2-րդ տեղով: