Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է վճարենք նաեւ «ԳազպրոմԱրմենիա»-ի բույսերի ու նկարների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan-ayvazyan

ԱԺ-ում Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ փաստաթղթում նշված են ինչ-որ տարբեր նկարներ ու բույսեր, որոնց արժեքը ներառված է սպառողների սակագնում. «Այստեղ խնդիրն այն չէ, որ որեւէ ձեռնարկություն չի կարող նկար կամ բույս առնել, խնդիրն այն է, որ ձեռնարկությունն ուզում է, որ Վան Գոգի կամ Պիկասոյի նկարը միջանցքում կախած լինի: Դա չի նշանակում, որ սպառողը դրա համար պետք է վճարի: Կամ ասենք` դեկորատիվ բույսեր են ուզում գնել, որոնց արժեքը հսկայական է, սա չի նշանակում, որ պետք է սպառողը վճարի դրա դիմաց»: Նա հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հիշեցրեց, որ 2014թ. միջանկյալ զեկույցում նա նշել էր, որ դեռ պետք է ճշտվի «Գազպրոմ-Արմենիա»-ի 1000 աշխատողի ավելացումն ու 109 հազար դրամով աշխատավարձի բարձրացումը. «Հիմա ասում եք` իրենք աշխատավարձն ինչքան ուզեն, այնքան կտան, դե եթե այդպես է, ինչո՞ւ էիք գրել, որ դեռ դա պետք է հիմնավորվի: Զեկույցում բառացիորեն նշված է, որ իրանական գազի արդյունահանման ինքնարժեքը աշխարհում նվազագույններից է, եւ որի սակագինը 16-17 տոկոսով ցածր է ռուսականից: Սա մեջբերում է ձեր հանձնաժողովի զեկույցից: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք ՌԴ-ից գազ գնում, ինչո՞ւ մեր ներքին սպառման համար Իրանից գազ չենք գնում»: Պատգամավորը նաեւ տպավորություն է ստացել զեկույցից, որ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ գազի հաշվիչները ճիշտ են հաշվարկում մարդկանց մատակարարվող գազի ծավալները. «Պարոն Այվազյան, դուք էլ մասամբ ընդունեցիք, որ չգիտեք` մեր տներ քանի կալորիայի գազ է հասնում: Կարող է եւ նախատեսված շեմից ցածր լինի, սակայն մենք վերահսկման մեխանիզմ չունենք»: Վարդան Այվազյանը հայտարարեց, որ այդ բույսերի ու նկարների սակագները ներառված չեն սակագնի մեջ, քանի որ իրենք մանրամասնորեն ուսումնասիրել են: Ինչ վերաբերում է աշխատակիցների թվաքանակի ավելացմանը, ապա նրա վստահեցմամբ` դա պայմանավորված է ավելացված նոր գազամատակարարման հետ: Իսկ իրանական գազի հետ կապված պարոն Այվազյանը նշեց, որ Իրանը երբեւէ գազի համար 179 դոլարից պակաս գին ՀՀ-ին չի առաջարկել. «Իսկ ՌԴ-ն բացի ԵՏՄ անդամ երկներից, մյուսներին գազ մատակարարելիս գանձում է արտահանման մաքսատուրք»: Կալորիականության հետ կապված Վարդան Այվազյանը համամիտ էր Նիկոլ Փաշինյանի հետ: Նա նշեց, որ հանձնաժողովն առաջարկել է ստեղծել համապատասխան համակարգ: Այժմ, ըստ նրա, մի քանի ձեռնարկություններ են ստուգում գազի կալորիականությունը, եւ պետք է ազատականացնել այս ոլորտը: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց նրան` ընթերցելով հաշվետվությունից հատվածներ, որտեղ հստակ նշված է, որ բույսերի ու նկարների համար նախատեսված ծախսերը ներառված են սակագնի մեջ. «Հիմա գրել եք` ներառում է, այստեղից պատասխանելիս ասում եք` չի ներառել: Ինչ վերաբերում է կորուստներին, դուք եք գրել, որ Վրաստանում կորուստները սահմանված են 0,8 տոկոս: Ես չեմ հասկանում` դուք չե՞ք կարդացել ձեր հանձնաժողովի զեկույցը»: «Ոչ միայն կարդացել եմ, այլեւ մի հարյուր անգամ ենք անցել»,- պատասխանեց Վարդան Այվազյանը: Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, սկսեցին միմյանց հերթ չտալով, քննարկել ու բարձրաձայն, առանց խոսափողների իրենց կարծիքները հայտնել: Վարդան Այվազյանը լուռ լսում էր նրանց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց նրանց ուշադիր լսել հիմնական զեկուցողին. «Ելույթների ժամանակ ձեր մտահոգությունները կհնչեցնեք, պարոն Այվազյանն իր ամփոփիչ ելույթում կանդրադառնա»: Այնուհետեւ, պարոն Այվազյանը վստահեցրեց` որեւէ լուրջ խնդիր չկա այստեղ. «Այ մարդ, ասում եմ` էսի կատուն, էսի միսը, հիմա նաղդը թողած, ինչի ես ընկել նիսիայի հետեւից: Հիմա ի՞նձ ես հավատում, թե թղթին»: Բոլորը սկսեցին ծիծաղել: