Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածինը գերակատարել է բյուջեն

Պաշտոնական
Ejmiacin

2014 թվականին Էջմիածնի քաղաքային համայնքի պլանավորված բյուջեն կատարվել ՝ 111,4 տոկոսով, իսկ եթե խոսենք սեփական եկամուտների մասին, ապա գերակատարումը եղել է 26,4 տոկոսի չափով: Այս թվերը ներկայացրեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց, հրապարակային հաշվետվության ժամանակ: Ավանդույթի համաձայն՝ քաղաքապետ Գրիգորյանը միշտ էլ հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների առջեւ նմանատիպ հաշվետվությամբ է հանդես գալիս, որի ընթացքում նաեւ մանրակրկիտ ներկայացնում է, թե ոլորտ առ ոլորտ ինչ աշխատանքներ են կատարվել, այլ կերպ ասած՝ ինչպե՞ս է ծախսվել հավաքագրված բյուջեն: Իսկ դրական շարժ նկատելի է բոլոր բնագավառներում: Քաղաքապետը զեկուցեց, որ հաշվետու տարվա ընթացքում քաղաքապետարանը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ 4 մեքենա՝ 2 մինի տրակտոր եւ երկու՝ ձեռքի ունիվերսալ մեքենա, որոնք կարելի է ձմռանն օգտագործել ձնամաքրման աշխատանքներում, իսկ գարունից աշուն՝ կանաչապատ տարածքների բարեկարգման համար: Լայնածավալ աշխատանքներ է կատարել նաեւ բնակկոմունալ տնտեսությունը: Աղբահանություն, շքամուտքերի դռների տեղադրում, տանիքաշինություն եւ այլն: Էջմիածնում աշխույժ է մշակութային կյանքը՝ տարեկան անցկացվում է մոտ 200 լայնամասշտաբ ծրագիր, որոնցից, օրինակ, քաղաքի տոնի նշումը, Տրնդեզը կամ ամանորի տոնական ձեւավորումն այն իրադարձություններն են, որոնց մասին ողջ տարվա ընթացքում խոսում են ոչ միայն էջմիածնեցիներն, այլեւ քաղաքի հյուրերը: Մարզական հաջողությունները եւս նշանակալից են: Քաղաքապետը նշեց, որ տարվա ընթացքում լավ են աշխատել համակարգի բոլոր օղակները, իսկ ձեռք բերվածը համարեց քաղաքային իշխանություն-էջմիածնեցի փոխադարձ վստահության եւ գործակցության արդյունք: Կարեւորվեց նաեւ գործակցությունը Մայր աթոռի եւ Հանրապետության իշխանությունների հետ: Քաղաքապետը կոչեց համաքաղաքացիներին համատեղ ջանքերով պատվով հանձնել այս տարվա ընթացքում սպասվող քննությունները՝ հայոց Մեծ ցեղասպանության 100-ամյա տարելիցի, հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի եւ Էջմիածին քաղաքի հիմնադրման 2700-ամյակի նշում: