Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Записки Марии Волконской» մոնո օպերան՝ առաջին անգամ Հայաստանում (տեսանյութ)

Մշակույթ
asa.thumb_

Եզակի մոնո-օպերա՝ առաջին անգամ հայ բեմում։ Մարտի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մարիա Վոլկոնսկայայի «Записки Марии Волконской» հուշագրության հիման վրա գրված՝ կոմպոզիտոր, մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանի մոնո-օպերայի բեմականացումը: Ինչո՞ւ հիմա, երբ երկրում հիմնական միջոցառումներն ուղղված են Ցեղասպանության տարելիցին, բեմականացման դիրիժոր, Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը կարծում է՝ արվեստագետը գիտի, երբ անդրադառնալ այս կամ այն գործին։ «Ամեն ինչ պետք է լինի ներքուստ, ներսից բխած, ոչ արհեստածին»,-շեշտել է նա։ Մոնո-օպերայի շուրջ երաժիշտն աշխատում է նախորդ տարվա աշնանից։ «Կարող եք հարցնել, թե ինչո՞ւ հենց Վոլկոնսկայան։ Երբ ուսումնասիրում էի հուշապատումները, դրանցում ինձ գրավեց 20, 21-ամյա երիտասարդ կնոջ զոհողությունը, նրա անձնազոհության գնալու մղումը։ Ես հայոց պատմությունից էլ գիտեմ դեպքեր, երբ հայ կանայք քաջագործությունների ու սխրանքների են գնացել, բայց Մարիան առանձնացավ իր տարիքի առումով»,-շեշտել է պարոն Երկանյանը։ Հերոսուհու քաջության դրսևորումներից մեկն էլ այն է, որ նա՝ թողնելով ամեն ինչ, գնում է անհայտ վայրեր՝ աքսորված ամուսնուն գտնելու։ Մարիայի դերակատարը միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Էկա Հորստկան է։ «Ինձ համար Վոլկոնսկայայի կերպարը դեռևս մինչև վերջ բացահայտված չէ և դժվար թե բացահայտվի։ Շատերն են գերվել այս կերպարից, այդ թվում՝ Պուշկինը, և ինձ համար մեծ պատասխանատվություն է այդ դերով հանդես գալը»,-նշել է նա։