Կարողացիր ներողություն խնդրել. «Անավարտ»-ը՝ երեւանյան բեմում. լուսանկարներ
Այսօր Երեւանում կայացավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ջանքերով կազմակերպված՝ «Անավարտ» ժամանակակից պարային ներկայացումը: Հայ հանդիսատեսը պատիվ ունեցավ ողջունելու Միացյալ Նահանգների Դեյվիդ Դորֆման Դենս պարի թատրոնին, Թուրքիայի Քորհան Բաշարան համույթին և հայ պարողներին, ովքեր, միավորվելով մշակութային դիվանագիտության ծրագրի շրջանակում, ներկայացրին ներկայացման հայաստանյան պրեմիերան:
Այս բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2014թ. օգոստոսին Նյու Յորքի հայտնի Բրուքլինյան երաժշտական ակադեմիայում: Բեմադրության մեջ ներգրավված են պարողներ ու երաժիշտներ Միացյալ Նահանգներից, Հայաստանից և Թուրքիայից, որոնց համագործակցության արդյունքում ծնունդ է առել այս բեմադրությունը՝ ցավի, պատասխանատվության ու, ի վերջո, ըմբռնման մասին: Հաջորդ շաբաթ խումբը նույն բեմադրությամբ հանդես կգա Ստամբուլում:
Դեյվիդ Դորֆման Դենս պարի թատրոնը Միացյալ Նահանգների ժամանակակից պարի լավագույն խմբերից մեկն է, որը Երևանում գտնվում է արդեն 2-րդ անգամ: 2014թ. ամռանը խումբը բեմադրությամբ հանդես եկավ Օպերային թատրոնի բեմում, ինչպես նաև անցկացրեց վարպետության դասերի շարք, որի ընթացքում ընտրվեցին մի քանի հայ պարողներ, ովքեր ուղևորվեցին Միացյալ Նահանգներ՝ աշխատելու ամերիկացի ու թուրք պարողների հետ: Այս եզակի համագործակցության արդյունքում ծնունդ առավ «Անավարտ» պարային ներկայացումը:
«Անավարտ» պարային բեմադրությունը մի քայլ է ընդհանուր եզրեր գտնելու ճանապարհին: Այն խորությամբ ի ցույց է դնում թե մշակույթը, այս պարագայում՝ պարարվեստը, ինչպես կարող է օգնել մեզ առերեսվելու անցյալի ու ներկայի հետ:
Պարարվեստի հանդեպ Դեյվիդ Դորֆմանի մոտեցումը առանձնանում է նրա բեմադրությունների ինքնատիպ հումորով ու պաթոսով, որով ներկայացվում են առօրյա հերոսները: Դեյվիդ Դորֆման Դենս պարի թատրոնը հիմնադրվել է 1985թ. և այդ ժամանակվանից ի վեր ելույթներով հանդես է եկել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում: Խումբը վերջերս հանդես է եկել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ ու Կրասնոյարսկ և Լեհաստանի Բիտոմ ու Կրակով քաղաքներում: Խումբն ութ անգամ արժանացել է «Բեսի» մրցանակի, իսկ 2007 թ.-ից բացառիկ կարգով գործակցում է Կոնեքտիկուտի քոլեջի հետ:
Այսօր երեւանյան բեմում հնչեց <Սարի աղջիկը> ժողովրդական երգը՝ հայերեն, անգլերեն ու թուրքերեն, հնչեց ներողություն բոլորի, նաեւ թուրք երիտասարդի բերանից: