A
A
Եվրանեսթ ԽՎ-ում 100-րդ տարելիցի բանաձևը. վերջնական տարբերակ
Ներկայացվում է «Հայաստանի եւ Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդուված բանաձևի պաշտոնական տարբերակը:
Հայաստանի եւ Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը, – Հաշվի առնելով ԵԽ կանոնակարգի 9-րդ հոդվածի 3-րդ կետը – Հաշվի առնելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը – Հաշվի առնելով 1966 թվականի դեկտեմբերի 16-ի՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը – Հաշվի առնելով Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին ՄԱԿ-ի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիան – Հաշվի առնելով 1987 թվականի հուլիսի 20-ի՝ Հայկական հարցին քաղաքական լուծում տալու Եվրախորհրդարանի բանաձևը – Հաշվի առնելով 2000 թվականի նոյեմբերի 15–ի՝ Թուրքիայի անդամակցույթյան առաջադիմության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը – Հաշվի առնելով 2005 թվականի սեպտեմբերի 28-ի՝ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը – Հաշվի առնելով ԵՄ անդամ մի շարք երկրների օրենսդիր մարմինների բանաձևերն ու հայտարարությունները – Նկատի ունենալով, որ 2015 թվականին նշվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը – Նկատի ունենալով, որ ողջ մարդկությանը բնորոշ արժանապատվության և հավասար ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և խաղաղության հիմքն են կազմում աշխարհում – Քանի որ ցեղասպանության ժխտումը լայնորեն ընդունված է որպես ցեղասպանության վերջնական փուլ՝ ապահովելով ցեղասպանություն իրագործողների անպատժելիությունը և ցուցադրաբար ճանապարհ հարթելով հետագա ցեղասպանությունների համար – Քանի որ Հայոց ցեղասպանության աներկբա և ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստել է մարդկության դեմ հետագա ոճրագործությունների կանխման ձախողմանը, – Քանի որ այսպիսի հանցագործությունների վաղ կանխումը կարող է միանշանակ կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների և մարդկային աղետների ուժգնացումը Վեհաժողովը – Դատապարտում է մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունները և ցեղասպանությունը, խստորեն դատապարտում է դրանց ժխտման փորձերը, – Հարգանքի տուրք է մատուցում բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների անմեղ զոհերին, – Շեշտում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթությունների շարքում, – Ընդգծում է, որ այս ուղղությամբ միջազգային հանրության կարողությունների հետագա զարգացումը շատ օգտակար է, – Աջակցում է ցեղասպանությունների կանխման համար միջազգային պայքարին, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնմանը և պատմական արդարության հաստատմանը, – Հրավիրում է Թուրքիային առերեսվելու իր անցյալի հետ, – Համարում է, որ ժողովուրդների միջև հետագա հաշտեցման հիմքերի հաստատումը մեծ կարևորություն ունի: