A
A
Նկարել է անգամ Արամի փողոցի քանդվող տան կնոջը
Մի քանի գիշեր չքնած՝այն էլ առանց սուրճի, ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանը պատրաստվում էր իր թվով 4-րդ ցուցահանդեսին։
Անգամ մի քանի րոպե նստելու մասին էր երազում։ Մեզ հետ զրույցում դա իրականացավ. «Վա՜յ, ինչ լավ ա նստելը»։ Այս անգամ ծաղրանկարները չէր, որ մարդկանց հավաքել էր մի վայրում. ֆորմատը փոխված էր. «Բացի ծաղրանկարներից, ցուցադրելու շատ բան կար, որոնք մեծ ասելիք ունեին, եւ ժամանակն էր ցուցադրելու»,–ասում է Տիգրան Հակոբյանը, որի ցուցահանդեսի խորագիրը կրում էր «Հայրենիք» անվանումը։
Հայրենիքի մասին նկարները նկարել է այն ժամանակ, երբ տեւական ժամանակ ապրել է Ֆրանսիայում։ Նկարչի համար հայրենիքը ասոցացվում է մայրիկի հետ. «Ֆրանսիայում ապրելով զգացի, թե ինչ է հայրենիքը, կարոտը, ու զգացի, որ այն տեղում չեմ գտնվում, որն իմն է։ Իսկ կարոտի բուն էպիկենտրոնը մայրս էր»։ Ֆրանսիայում հայտնի սրճարաններից մեկն էլ դարձավ նկարչի ներշնչանքի աղբյուրը։ «Կաֆե դե ֆլոր»–ում անցկացրած օրերը Տիգրան Հակոբյանին «ստիպեցին» նկարել։ Ցուցահանդեսի շնորհիվ փուրձում է հայրենիքի հանդեպ սերը մեծացնել, իսկ «Stop war» գրությամբ լուսանկարներով էլ կանխարգելել հնարավոր պատերազմը:
Անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Հիմա չէի կարող այդ թեմային չանդրադառնալ, մուսաս գալիս կպնում էր 100- ամյակին»։ Ֆրանսիական դեմքերից հետո՝վերադառնալով Հայաստան, նկարել է այն ընկերների դիմանկարները, որոնց հասցրել է կարոտել։ Դրանք եւս ներառված էին ցուցահանդեսում. «Այն ընկերներիս դիմանկարները, որոնք նկարել եմ, ինձ միշտ օգնել են թե՛ մուսայի առումով, թե՛ խորհուրդներով»։ Ցուցահանդեսում աչքի ընկնող նկարներից մեկն էլ Արամի փողոցում արված նկարն էր։ Պատկերված էր հին հայկական տներից մեկը, որն այսօր չկա։ Նկարում մի կին է, ով տան բնակիչն էր, եւ որը մնացել է անտուն, իսկ նրա մոտ կանգնած է ոստիկանը. «Սա ոչ թե օտար ազգի մեջ է տեղի ունենում կամ օտար մարդն է մեզ հետ այսպես վարվում, այլ հենց մեր ազգի մեջ, մեր ձեռքերով ենք անում։ Այդ կնոջ տունը քանդում էին իր աչքի առաջ, իսկ այդ ամեն ինչը ոստիկաններն են կառավարում»,–ասում է նկարիչը։ Առաջիկայում Տիգրան Հակոբյանը կրկին պատրաստվում է հայրենիքից բացակայել՝ հմտանալու եւ զարգացնելու արվեստի այս ճյուղը եւ ներկայացնելու Հայաստանում։ Տիգրան Հակոբյանի «Հայրենիք» խորագիրը կրող ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 15–ը, Նարեկացի Արվեստի Միությունում։