Ա.Աշոտյան. Թող ձեր մեջ կուտակված սիրո մեծ պաշարը երբեք չսպառվի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կանանց միջազգային օրվան ընդառաջ պարգևատրել է մի խումբ կին մանկավարժների: Շնորհավորանքի խոսքում նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ կրթության համակարգում աշխատող մեծաթիվ կանայք առանձնահատուկ հմայք են հաղորդում ոլորտին: «Շնորհավորում եմ կրթության համակարգում աշխատող բոլոր կանանց և մաղթում անձնական երջանկություն: Թող ձեր ընտանիքներում դուք այնքան երջանիկ ու անհոգ լինեք, որ կարողանաք սիրով և նվիրվածությամբ կրթել ու դաստիարակել այլոց երեխաներին` ապրել նրանց հոգսերով և վստահորեն նայել դեպի ապագա: Թող ձեր մեջ կուտակված սիրո մեծ պաշարը երբեք չսպառվի, որ այն միշտ կարողանաք բաշխել ձեր սաներին",- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել կին մանկավարժներին` անբասիր և դժվարին աշխատանքն արժանապատվորեն կատարելու համար:
" Թող սերը, բարի ու ջերմ խոսքերի շռայլությունն ուղեկցեն ձեզ ոչ միայն այս տոնական օրերին, այլև ողջ տարվա ընթացքում. դուք իրականում արժանի եք և պաշտանմունքի, և’ սիրո և’ հարգանքի",- դիմելով ներկաներին ասել է Ա. Աշոտյանը և հիշատակել հայտնի դասական Բեռնարդ Շոուի հանրահայտ խոսքը. "Աստված սկզբում ստեղծեց Ադամին, որպեսզի կարողանա թույլ տրված սխալների հիման վրա` Եվային ստեղծել անթերի»: Միջոցառման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և կանանց միջազգային տոնի կապակցությամբ` մի խումբ մանկավարժների հանձնել է պատվոգրեր, իսկ Երևանի թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը, Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Մելքոնյանը, Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Կարինե Թաթյանը, Լոռու մարզի Գուգարքի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Մարիետա Սարգսյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության աշխատակից /թոշակառու/ Մարինե Պոկացյանը և և Երևանի թիվ 47 մանկապարտեզի տնօրեն Գոհար Աշուղաթոյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը մարտի 8-ի կապակցությամբ
Կրթության և գիտության բնագավառի սիրելի’ կանայք և աղջիկներ, Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Այս տոնական օրը ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների ու շնորհավորանքների առանցքում սերն ու գնահատանքն է, երախտագիտությունն ու խոնարհումը: Դուք ընտանիքում համբերատար մայր եք, առաքինի կին, բարի ու խորհրդատու ծնող, հոգատար քույր և դուստր, իսկ աշխատանքում` բանիմաց և փորձառու, մասնագիտական ողջ կարողություններն ապագա սերնդին անմնացորդ փոխանցող հմուտ մասնագետ: Կարևոր ու անգնահատելի է ձեր վաստակը ինչպես գիտակրթական համակարգի կայացման ու զարգացման, այնպես էլ երիտասարդ սերնդի ուսուցման, դաստիարակման և ազգային ինքնության պահպանման պատասխանատու գործում: Ձեր համբերատար աշխատանքի ու նվիրումի արդյունքն է, որ այսօր հպարտանում ենք միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթող մեր աշակերտներով, խելացի ու բանիմաց մեր երիտասարդներով ու նաև սահմաններն անառիկ պահող մեր զինվորներով: Սիրելի’ կանայք և աղջիկներ, շնորհավորելով ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:
Սիրով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ