Երաժշտի աշխատանքային գործիքները հեռուստացույցի մասերն են ու լոտոյի քարերը
«Արտ Բրիջ» գրախանութ- սրճարանում մարտի 6-30-ը կցուցադրվեն Անի Հովակի կոլաժները։ «Հովեր» կամերային երգչախմբի անդամ Անին, երբ 3 տարի առաջ փորձեց ստեղծել իր առաջին կոլաժը, չէր էլ պատկերացնում, որ այսօր արդեն թվով չորրորդ ցուցահանդեսը կունենա:
«Մասնագիտությամբ երաժիշտ եմ, բայց մի օր համարձակություն հավաքեցի ու սկսեցի կոլաժ հավաքել։ Կոլաժի ամբողջ գեղեցկությունը կենցաղային տարբեր նյութերից արվեստ ստեղծելն է»։
Բացի ներկերից ու շրջանակներից, Անիի հիմնական գործիքները սովետական հեռուսատացուցի մասերն են, լամպերը, լոտոյի քարերն ու օգտագործած ներկերի տուփերը։ 25 ամյա Անին ուրախությամբ է տեղեկացնում, որ իր աշխատանքները մարդիկ սիրում են ու գնահատում, անգամ մշտական երկրպագուններ ունի. «Առաջին նպատակս գործերս վաճառելը չէ, ինձ համար սա ուղղակի հաճելի աշխատանք է, որտեղ ես ինձ հայտնաբերել եմ ու լավ եմ զգում»։
Ցուցահանդես -վաճառքում ներկայացված է 23 աշխատանք։ Կոլաժների գները սկսվում են 20 հազար դրամից։