Դիրիժոր Վահան Մարտիրոսյանին Պրահայում ջերմորեն են ընդունել
Փետրվարի 16-ին Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը արդեն երկրորդ անգամ հանդես է եկել Պրահայում՝ ղեկավարելով այնտեղի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրային տան Սմետանայի հանրահայտ դահլիճում կայացած համերգին։ Պրահայի ռադիոյի այս նվագախմբի հետ ժամանակին հանդես են եկել Արամ Խաչատրյանն ու Քշիշտոֆ Պենդերեցկին։ Համերգը սկսվել է նվագախմբի եւ հայտնի դաշնակահար Ալեքսանդր Գինդինի ելույթով, ապա կատարվել են Ստրավինսկու եւ Սկրյաբինի կոնցերտները։ Լեփլեցուն դահլիճը ջերմորեն է ընդունել երաժիշտներին։ Համերգի ավարտին նվագախմբի գեղարվեստական տնօրեն Յան Սիմոնը խոսել է հայ երաժշտի մասին. «Մենք շատ երջանիկ ենք, որ մեզ հաջողվեց կրկին նվագել Վահան Մարտիրոսյանի հետ։ Հիշում ենք 2013-ին «Յանիչկուվ Մայ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես եկանք Օստրավայում։ Այս ծրագրում Սկրյաբինի «Պրոմեթևսը» շատ հազվադեպ է կատարվում, եւ վերջին անգամ Պրահայում հնչել էր 15 տարի առաջ։ Հուսանք, որ առաջիկա տարիներին Վահան Մարտիրոսյանը կրկին հանդես կգա մեր սիմֆոնիկի հետ»,-շեշտել է նա։ Իսկ Վահան Մարտիրոսյանը համեստորեն համերգի հաջողությունը վերագրել է նվագախմբին. «Համերգն ինձ թվում է՝ լավ անցավ, շատ չքնաղ նվագախումբ է։ Ոչ լիարժեք երեք փորձ ենք արել, և մի պահ եկավ, որ ես հասկացա, որ երաժիշտներին տանջելու կարիք չկա, շատ շուտ կարողացան պատրաստվել եւ փորձից փորձ արագ աճ ցույց տվեցին։ Նրանք կարողանում են դիրիժորի ձեռքերը կարդալ։ Դա մեծ պրոֆեսիոնալիզմ է»,-նշել է հայազգի դիրիժորը։ Առաջիկայում Վահան Մարտիրոսյանը հանդես կգա Երևանում, իսկ հետո՝ Ճապոնիայում։