Արտակ Խաչատրյանը հերքում է վարկածը, թե իրեն ծեծել են ԲՀԿ-ականի բազայում (տեսանյութ)
«Կասեցում» շարժման անդամ Արտակ Խաչատրյանը պնդում է՝ իր կյանքում ոչինչ չի փոխվել եւ շարունակում է մնալ ազատության եւ արդարության մարտիկ: «Եթե լինեն «Շրջանառության հարկի մասին» օրենքներ, շարունակելու եմ պայքարել: Փոքր եւ միջին ձեռնարկատերերը թող իմանան, որ հարկ եղած դեպքում շարունակելու եմ պայքարել; Շարունակում եմ մնալ կուսակցության անդամ եւ որպես անձ կանգնած եմ Գագիկ Ծառուկյան անձի կողքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արտակ Խաչատրյանը: Նա երեկ է դուրս գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք, Արտակ Խաչատրյանին փետրվարի 7-ին առեւանգել էին անհայտ անձինք ու բռնությունների ենթարկել։ ԲՀԿ անդամը հույս ունի, որ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը: Անդրադառնալով լուրերին, թե իր ծեծն ու առեւանգումը պատվիրել է ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, նշեց, որ ստուգումներ իրականացվել են, անձամբ մասնակցել է ստուգումներ կոչվածին եւ հերքել է, որ գտնվել է այդ վայրում: «Գործի մեծ մասը գաղտնիք է եւ անհայտ, նման պարագայում ենթադրությունների մակարդակով խոսելը կոռեկտ չէ; Վարկածներ առաջ կքաշվեն եւ կստուգվեն վարկածները: Անկախ նրանից ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից, թե ռեցեդևիստ, ծանր հանցագործություն է, եւ պետք է պատժվի»,- նշեց նա; Ակտիվիստը, սակայն մի հարցում վստահ է. ծեծն ու առեւանգումը կապված է իր քաղաքական գործունեության հետ: