Սպորտի և ՏԿԱԻ նախարարները միասին են շրջում մարզերում
Այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզում էր, որտեղ մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք մարզադպրոցներ: Նախարարը եղել է Եղվարդի, Բյուրեղավանի, Չարենցավանի մանկապատանեկան մարզադպրոցներում, Աբովյանի շախմատի մարզադպրոցում, Գ. Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում, Հրազդանի քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցում, Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում: Գաբրիել Ղազարյանը ծանոթացել է մարզադպրոցների շենքային պայմաններին, առկա խնդիրներին, տնօրենների հետ քննարկել մարզական գույք տրամադրելու հարցերը: Մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Կոտայքի մարզպետի հետ համատեղ անցկացված խորհրդակցությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատասխանատուների, մարզիչների և մարզիկների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, վերջին տարիների ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նախարարի պարբերական այցերը մարզերում տեղակայված մարզադպրոցներ, իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ: ՍԻնչպես իր խոսքում նշել է Գաբրիել Ղազարյանը, ինքն անձամբ շատ է կարևորում այդ համագործակցությունը և գտնում է, որ այն մեծապես կնպաստի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը: Հանդիպման ավարտին նախարարը ՀՀ-ում մարզաձևերի զարգացմանը և մարզական բարձր արդյունքներ ցուցաբերելուն նպաստելու համար պարգևատրել է ՀՀ վաստակավոր մարզիչներ՝ Արշավիր Գրիգորյանին, Սամվել Ավդալյանին, Կարեն Աբաղյանին և Արման Ղազարյանին: