ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՅ ԱՂՋԻԿԸ ՀԵՌՈՒ Է ՖՈՒՏԲՈԼԻՑ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հերթական անգամ խոշոր հաշվով պարտություն կրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:
Որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարի 2-րդ խաղում Հայաստանը 0:10 հաշվով պարտվեց Իսրայելի հավաքականին, որի հարկի տակ էլ անցկացվում է խմբային այս մրցաշարը: Առաջին խաղում մեր աղջիկները Իտալիային պարտվել էին 0:15 հաշվով, այնպես որ արդեն իսկ առաջընթացն ակնհայտ է:
Բայց արդյունքն էլ ավելի լավը կարելի է համարել, եթե նշենք, որ Վրաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականը Ռուստասնին զիջել է միանգամից 22 գնդակի տարբերությամբ: Միաժամանակ Հայաստանի ցուցաբերած արդյունք հուսահատեցնող է, քանի որ Ադրբեջանը Չեխիային պարտվել է ընդամենը 0:3 հաշվով:
Խմբային մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը կմրցի Ավստրիայի հետ, որը այս տուրում 0:3 հաշվով զիջեց Իտալիային: Հուսանք, որ այս անգամ գոնե մեր աղջիկները չեն պարտվի երկնիշ հաշվով:
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՍՑՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԳՐԵԼ, ԱՅԼԵՎ ...
«Միր սպորտա» մարզական ասմագիրը հերթական միջոցառումն էր կազմակերպել լրագրողների մասնակցությամբ: Այս անգամ ԶԼՄ-ների ներկայացուցիչները մասնակցեցին բոուլինգի Հայաստանի 2-րդ առաջնությանը, որը կայացավ «Արենա» համալիրում:
Հիմնականում առաջին անգամ բոուլինգ խաղացող լրագրողները աստիճանաբար ընտելացան բավական հետաքրքիր այդ խաղին եւ սկսեցին բարելավել իրենց արդյունքները: Ի վերջո հաղթող ճանաչվեց «Չորորդ իշխանություն» թերթը ներկայացնող Մհեր Գալեչյանը, որին հաջորդեցին Կարեն Վանյանը («Եթեր») եւ Կարեն Գիլոյանը (Հ1):
Մասնակիցների մեջ գերակշռում էին կանայք, որոնցից լավագույն արդյունքը ցույց տվեց Էլինա Սարգսյանը («Սփյուռ»): Հայաստանի լրագրողների միջեւ բոուլինգի 3-րդ առաջնությունը կանցկացվի նոյեմբերին: Դրանից հետո կայանալու է եզրափակիչ խաղ, որտեղ մրցելու են 3 առաջնություններում բարձր արդյունքներ ցույց տված մասնակիցները:
Բացի բոուլինգից «Միր սպորտա»-ն լրագրողների համար առաջիկայում նաեւ այլ միջոցառումներ է անցկացնելու: Շուտով Արզնիում մի քանի տասնյակ լրագրողներ թռիչք կկատատարեն օդապարիկով՝ իրականացնելով այն 500 մետր բարձրությունից: Այս միջոցառմանը կհաջորդի թեթեւ ատլետիկայի առաջնությունը եւ եւս մի քանի նմանատիպ մրցաշարեր:
ՄՐՑԱՇԱՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Վաղը Ստեփանակերտում մեկնարկում է շախմատի միջազգային մրցաշար, որ բավական ուժեղ կազմ ունի: Ա խմբում հանդես են գալիս ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, Հոլանդիան ներկայացնող Իվան Սկոլովը, ռուս Ալեքսեյ Դրեեւը, մոլդովացի Վիկտոր Բոլոգանը, ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան, չինացի Բու Հիանցզին, լեհ Բարտլոմեյ Մասիեյան, ինչպես նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստներ Լեւոն Արոնյանը, Կարեն Ասրյանը եւ Աշոտ Անաստասյանը:
Բ խմբում հանդես են գալու Տիգրան Լ. Պետրոսյանը, Արսեն Եղիազարյանը, Բենիամին Գալստյանը, Արթուր Չիբուխչյանը (բոլորն էլ Հայաստան), Սերգեյ Գրգորյանցը (Ռուսաստանը), Երվին Լ՝Ամին (Հոլանդիա), Խոսե Լոպես Մանուել Մարտինեսը (Իսպանիա), Եվգենի Սվեշնիկովը (Լատվիա), Կատերինա Լահնո (Ուկրաինա) եւ Ռեյ Տիշչիբերեկը (Գերմանիա):