ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԵՎՍ ՄԵԿ ՉԵՄՊԻՈՆ
Սերբիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին միանգամից 23 հայ շախմատիստներ: Ամենահաջող ելույթն ունեցավ 16-ամյա Զավեն Անդրեասյանը, որը իր հասակակիցների հետ պայքարում դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ 9 հնարավոր միավորից վաստակելով 7 միավոր: Վճռական պահին Անդրեասյանը պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Նահապետյանին:
Եւս մեկ մեդալ Հայաստանը նվաճեց 12 տարեկանների պայքարում, որտեղ Հայկ Թամազյանը գրավեց 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Նույն տարիքային խմբում հանդես եկող Սամվել Տեր - Սահակյանը գրավեց 7-րդ տեղը:
Սպասելիքները մեծ էին 18 տարեկանների պայքարում հանդես եկող Արման Փաշիկյանից, որը միջազգային վարպետ է: Փաշիկյանը վերջին տուրերում անհաջող հանդես եկավ եւ ի վերջո գրավեց 7-րդ հորիզոնականը:
Աղջիկները պայքարում մեր ներկայացուցիչները անհաջող հանդես եկան: Լավագույն արդյունքը ցույց տված Սուսաննա Գաբոյանը 10 տարեկանների պայքարում գրավեց ընդամենը 10-րդ հորիզնականը:
ՉԵՄՊԻՈՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում գործող չեմպիոն «Փյունիկը» առաջին պարտությունը կրեց՝ 1:2 հաշվով զիջելով «Էսթեղլալ Կոտայքին»: Վերջինս բավական հաջող է հանդես գալիս հատկապես «Փյունիկի» հետ հանդիպումներում եւ պատահական չէ, որ ընթացիկ մրցաշրջանում միակ թիմն է, որը չի պարտվել չեմպիոնին:
«Է. Կոտայք» - «Փյունիկ» մրցավեճում խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց Վալերի Ալեքսանյանը՝ առաջ մղելով չեմպիոնին: Սակայն 8 րոպե անց Սամվել Պետրոսյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 75-րդ րոպեին փոխարինման մտած Արմեն Բաբայանը խփեց «Է. Կոտայքի» համար հաղթական գնդակը:
Չնայած պարտությանը «Փյունիկը» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Էսթեղլալ Կոտայքը» ամրապնդվում է 2-րդ հորիզոնականում: 3-րդ տեղում է ընթանում «Միկան», որը այս տուրում 2:1 հաշվով հաղթեց իր հիմնական մրցակիցներից մեկին՝ «Բանանցին»: Արդեն 1-ին րոպեին Արտյոմ Ադամյանը առաջ մղեց «Միկային»: 27-րդ րոպեին «Բանանցի» հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանին հաջողվեց խփել պատասխան գնդակը, սակայն առաջին կեսի նախավերջին րոպեին նույն Արտյոմ Ադամյանի շնորհիվ «Միկան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց:
Մրցաշարային աղյուսակը եզրափակող «Դինամո Զենիթը» հյուրընկալելիս 0:2 հաշվով պարտվեց «Կիլիկիային»: Վերջինիս հաղթանակ պարգեւեց Նշան Էրզերումյանը՝ 2 անգամ գրավելով «Դինամո Զենիթի» դարպասը:
«ՄԻԿԱՅԻ» ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
Ավարտվեց Իտալիայում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Կանանց մրցաշարին մասնակցող Երեւանի «Միկա» թիմը, որը առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային ասպարեզում, 11 թիմերի պայքարում գրավեց ընդամենը 9-րդ հորիզոնականը:
7 հանդիպումներից 4-ում «Միկան» պարտություն կրեց, իսկ մնացած 3-ում հաղթանակ տոնեց եւ ընդհանուր վաստակեց 13.5 միավոր: Չեմպիոն դարձավ Թբիլիսիի ՆՏՆ ակումբը, որին հաջորդեց ռուսական «Ուրալը»:
Տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչվեց «Տոմսկ400» թիմը, որի կազմում հանդես էր գալիս հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Վլադիմիր Հակոբյանի եւ Ռաֆայել Վահանյանի «Ուրալը» գրավեց 4-րդ տեղը: