ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՈՉ ՄԻ ՄԱՐԶԻՉ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլից հայաստանցի ֆուտբոլային մարզիչները որակավորվում են ՈւԵՖԱ-ի ՋԻՌԱ ծրագրով: 3 փուլանոց ծրագրի ավարտից հետո մարզիչները լիցենզավորվում են: Հայաստանից ծրագրին մասնակցում են 19 մարզիչներ, որոնք այսօր առաջին տեսական քննությունները հանձնեցին: Վաղը որակավորման համակարգում ընդգրկված մարզիչները գործնական պարապմունքի քննություն կհանձնեն «Փյունիկ» ակումբի մարզաբազայում, որից հետո միայն կվճռվի ՈՒԵՖԱ-ի «Բ» կարգի լիցենզիա ստանալ-չստանալու հարցը:
Այդ գործընթացի ավարտից հետո համապատասխան լիցենզիա չունեցող ոչ մի մարզիչ իրավունք չի ունենա մարզչական աշխատանքով զբաղվելու նույնիսկ մանկապատանեկան թիմերում: ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրներում մարզիչների որակավորումը ազգային ֆեդերացիաների համար հանդիսանում է եկամտի կայուն աղբյուր, քանի որ որակավորվող մարզիչները դրա համար վճարում են հսկայական գումարներ: Սակայն Հայաստանում այս տարբերակը այլ կերպ է գործում: Քանի որ մեզ մոտ չկան նման հնարավորություններ ունեցող մարզիչներ, ուստի ՀՖՖ-ն ծախսերի 50 տոկոսը վերցրել է իր վրա: ՋԻՌԱ նախագիծով ՈՒԵՖԱ-ն մարզիչներ է վերապարաստում ավելի քան 40 երկրներում:
Ըստ ՋԻՌԱ նախագծի, գոյություն ունի 3 կարգի լիցենզիա: Լիցենզիան տրվում է այն մարզիչներին, որոնք համապատասխան դասընթացներից հետո կկարողանան հաջողությամբ հանձնել բավականին բարդ քննությունը:
Յուրաքանչյուր մարզիչ նախ պետք է ստանա Բ կարգի լիցենզիա, որը հնարավորություն կտա աշխատելու մանկապատանեկան թիմերի հետ: Բ կարգի լիցենզիա ստանալուց եւ առնվազն մեկ տարի ակտիվ մարզչական գործունեություն ծավալելուց հետո, յուրաքանչյուր մարզիչ կարող է մասնակցել որակավորման դասընթացների` Ա կարգի լիցենզիա ստանալու համար:
Հետագայում Ա կարգի լիցենզիա ունեցող մարզիչները հնարավորություն կստանան մասնակցելու քննությունների` «ՊՌՈ» կարգի լիցենզիա ձեռք բերելու համար: «ՊՌՈ» կարգի լիցենզիան հնարավորություն կտա մարզիչներին մարզելու յուրաքանչյուր ակումբ եւ յուրաքանչյուր ազգային հավաքական: