ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում կայացավ ծանրամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին 39 առաջատար ծանորորդներ: Հայաստանի գավաթին տիրացավ գերծանր քաշային Աշոտ Դանիելյանը, որը երկամարտի արդյունքում ցույց տվեց 455 կգ արդյունք: 2-րդ տեղին արժանացավ Գեւորգ Դավթյանը, իսկ 3-րդին Տիգրան Մարտիրոսյանը: Ծանրամարտի մեր հավաքականը այս մրցաշարից հետո սկսել է նախապատրաստվել նոյեմբերին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը:
8-րդ անգամ Երեւանում անցկացվեց հայտնի հեծանվորդներ Քեփեկյան եղբայրների մրցաշարը, որին մասնակցեցին նաեւ Վրաստանից ժամանակ 6 հեծանվորդներ: 16 տարեկանների պայքարում հաղթող դարձավ Ներսես Շիրինյանը, իսկ 2-րդը Սուրեն Պետրոսյանն էր: 18 տարեկանների մեջ հաղթող ճանաչվեց Էդգար Գասպարյանը, որին հաջորդեց վրացի Գեորգի Նոդիրաձեն:
Հայաստանի լավագույն հրաձիգ Նորայր Բախտամյանը հաղթող ճանաչվեց Երեւանի հրաձգության բաց առաջնությունում օդամղիչ ատրճանով: Իսկ կանանց պայքարում 1-ինը Լուիզա Թովմասյանն էր:
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Սերբիայում շարունակվում է Եվրոպայի պատանեկան առաջնությունը, ուր արդեն 5 տուր է կայացել: 10 տարեկանների պայքարում մեր 4 շախմատիստներից լավագույն արդյունք ունեն Հովհաննես Գաբուզյանը եւ Կարեն Գրիգորյանը, որոնք վաստակել են 3.5-ական միավոր եւ ընթանում են 9-րդ տեղում: Ավելի հաջող են հանդես գալիս 12 տարեկանները. Սամվել Տեր Սահակյանը եւ Հայկ Թամազյանը 4-ական միավորով եւս մի քանի մասնակցի հետ բաժանում են 4-րդ հորիզոնականը եւ մեկ միավորով զիջում են առաջատարին:
14 տարեկանների պայքարում Ռոբերտ Հովհաննիսյանը 3.5 միավորով ընթանում է 10-րդ տեղում: 16 տարեկանների մեջ լավագույն վարկանիշը ունեցող Զավեն Անդրեասյանը այժմ 4 միավորով ընթանում է 3-րդ տեղում եւ կես միավորով հետ է մնում 2 առաջատարներից: Միջազգային վարպես Արման Փաշիկյանը, որը հանդես է գալիս 18 տարեկանների պայքարում 3.5 միավորով 6-րդ տեղում է:
Աղջիկների պայքարում մեր շախմատիստուհիները համեստ արդյունքներ են ցույց տալիս եւ դեռ մրցանակային տեղերի չեն հավակնում:
ԷԴԳԱՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ «ԱՅԱՔՍՈՒՄ»
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրեց Ամստեդամի «Այաքսի» կազմում: Հոլանդիայի առաջնության «Ալկմար» - «Այաքս» (4:2) հանդիպման 84-րդ րոպեին 18-ամյա Էդգարը փոխարինել է Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռայան Բաբելին: Մինչ այժմ Մանուչարյանը «Այաքսի» կազմում միայն ընկերական հանդիպումների էր մասնակցել, որոնցից առաջինի ժամանակ էլ անցած տարի կոտրել էր ոտքը:
Իսկ ահա Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կրկին չի ընդգրկվում Մոսկվայի «Դինամոյի» հիմնական կազմում: Ռուսաստանի առաջնության հերթական տուրում «Դինամոն» խոշոր 1:4 հաշվով զիջեց «Ամկարին»: