ՍՈՒՐ ՊԱՅՔԱՐ 2-ՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի 3 խաղերից հետո պայքարը ծայրաստիճան սրվել է 2-րդ տեղի համար: Մինչ այս 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Միկան» անսպասելիորեն 1:2 հաշվով պարտվեց ետնապահ «Դինամո Զենիթին»:
«Միկան» 2-րդ անընդմեջ պարտությունից հետո նահանջեց 4-րդ հորիզոնական, իսկ նրա սայթաքումից անմիջապես օգտվեց «Էսթեղլալ Կոտայքը», որը 1:0 հաշվով պարտության մատնեց «Կիլիկիային» եւ բարձրացավ 2-րդ տեղ:
Իսկ ահա տուրի կետնրոնական խաղում «Փյունիկը» հանդիպեց «Բանանցի» հետ: Հանդիպումը հաջող սկսվեց չեմպիոնի համար եւ արդեն 3-րդ րոպեին Արա Ոսկանյանը անհատական բարձր վարպետություն դրսեւորելով առաջ մղեց «Փյունիկին»: 2-րդ կեսի միջնամասում «Փյունիկը» շնորհիվ Վալերի Ալեքսանյանը 2-րդ անգամ գրավեց «Բանանցի» դարպասը եւ թվում էր` խաղի ելքը վճռված է: Հավանաբար, նույն կարծիքին էր նաեւ «Փյունիկի» հոլանդացի մարզիչ Հենկ Վիսմանը, որը սկսեց մեկը մյուսի հետեւից խաղադաշտ դուրս բերել երիտասարդ անփորձ ֆուտբոլիստների:
Օգտվելով դրանից` «Բանանցը» «պատժեց» իր մրցակցին: Նախ Արարատ Առաքելյանը գլխով կատարած հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակահատվածում նույնպես գլխի հարվածով Արա Խաչատրյանը հավասարեցրեց հաշիվը: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2, որի շնորհիվ «Բանանցը» շարունակում է ընթանալ 3-րդ տեղում, իսկ «Փյունիկը» 5-րդ տարին անընդմեջ գործնականում ապահովել է չեմպիոնի կոչումը: