Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանակահարություն Քասախում

Պաշտոնական
unnamed42

2015թ. հունվարի 4-ին` ժամը 02:05-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 01:25-ին,  բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հովսեփյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թորակոաբդոմինալ թափանցող վերքեր՝ սրտի, ստոծանու և հաստ աղիքի վնասով» մարմնական վնասվածքներով: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում  հունվարի 4-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Վ.Հարությունյանը 2015թ. հունվարի 4-ին` ժամը 01-ի սահմաններում, իր բնակարանում լսել է պատուհանին հարվածելու ուժգին ձայն: Քիչ անց նկատել է, որ իր ննջասենյակի պատուհանը տեղահանվել է, իսկ դրա մետաղյա ճաղավանդակը բացակայում է: Անմիաջպես շտապել է հյուրասենյակ, ապա` խոհանոց, որտեղից վերցրել է խոհանոցային դանակ: Վերադառնալով ննջասենյակ` նկատել է Քասախ գյուղի բնակիչ Գ.Հովսեփյանին: Վերջինս տեղեկանալով, որ տանտերը` Հարությունյանը, ճանաչել է իրեն, բռունցքով հարվածել է, ապա փորձել հարձակվել նրա վրա: Նույն պահին տանտերը խոհանոցից վերցրած  դանակով հարվածներ է հասցրել իր  ննջարան մուտք գործած տղամարդու կրծքավանդակի ձախ կեսին: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաբժշկական  փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն, իսկ Վ.Հարությունյանի մասնակցությամբ՝  քննչական փորձարարություն: Գ.Հովսեփյանն առայժմ չի հարցաքննվել. ըստ բժիշկների` նա ի վիճակի չէ  ցուցմունքներ տալու: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու գործի  բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին