Ամանորի գիշերը կը կատարուի նռնօրհնէք
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ հաստատուել է օրհնութեան նոր կարգ, որի համաձայն` ամէն տարի Ամանորի գիշերը` ժամը 00.30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Գոհաբանական մաղթանքի աւարտին կը կատարուի նռնօրհնէքի արարողութիւն: Հայկական աւանդութեան մէջ նուռը` իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կեանքի, ծաղկունքի եւ առատութեան իմաստը: Քրիստոնէական խորհրդաբանութեան մէջ նուռը խորհրդապատկերն է Յիսուս Քրիստոսի հեղած արեան` խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Յարութիւնն ու Աստծու շնորհների բազմազանութիւնը: Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնութիւններում նուռը ներկայացւում է նաեւ այն խորհրդաբանութեամբ, որ նռան հատիկների պէս Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատուած են նռան նման պինդ կեղեւով` միաւորուած լինելով մէկ Եկեղեցու մէջ: Այս պատճառով նռան խորհրդաբանութիւնը լայնօրէն օգտագործուել է հայկական եկեղեցական ճարտարապետութեան, արուեստի եւ մանրանկարչութեան մէջ: Յորդորում ենք մեր ժողովրդին մասնակցելու Գոհաբանական մաղթանքին եւ նռնօրհնէքին: Մայր Աթոռ