Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյանը բանակ է գնացել

Պաշտոնական
88

Դեկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց ՀՀ հարավ-արևելյան հատվածում տեղակայված ԶՈՒ թիվ N զորամաս: Նախարարին և մարզպետին դիմավորեցին զորամասի հրամկազմն ու զինվորները: Հանդես գալով ողջույնի խոսքով` նախարարը մեծարեց զինվորներին, շնորհավորեց նրանց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթեց խաղաղություն, սեր և համերաշխություն, ուժ ու կորով: Նա բարձր գնահատեց հայոց բանակի գործունեությունը, մասնավորապես վերջին ամիսներին հակառակորդի ագրեսիվ նկրտումներին համարժեք պատասխան տալու նրանց անկոտրում վճռականությունը, պատրաստակամությունը ու խիզախ կեցվածքը: Նա հորդորեց Հայոց բանակի զինվորներին չթուլացնել զգոնությունը և շարունակել աչալրջորեն հետևել հակառակորդի ցանկացած քայլի, որովհետև թշնամին դավադիր է ու նենգ: Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձին-առանձին զրուցեց զինվորների հետ, որոնց թվում էին նաև Սիրիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից Հայաստանում հաստատված և Հայրենիքի առջև իրենց պարտքը կատարող երիտասարդներ: Նախարարը հետաքրքրվեց նրանց առօրյայով, այցելեց նաև զորանոց, ծանոթացավ զինվորների կենցաղային պայմաններին, ինչպես նաև եղավ զորամասի ուսումնակրթական կենտրոնում: Նախարար Հրանուշ Հակոբյանը և Գեղարքունիքի մարզպետը մեկնեցին Վահան գյուղ և ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողին ու շիրմաքարերին: Սփյուռքի նախարարը զորամասին նվիրեց համակարգիչ, գրքեր և ամանորյա այլ նվերներ: