«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի առաջնությունը 15-օրյա ընդմիջումից հետո վերսկսվեց 3 հանդիպումներով: Տուրի կենտրոնական խաղում «Միկան» Ոսկեհատում մրցեց չեմպիոն «Փյունիկի» հետ: Հանդիպան հենց առաջին կեսում չեմպիոնը վճռեց խաղի ելքը, երբ Աղվան Մկրտչյանը 2 անգամ հստակ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածները: 2-րդ կեսում «Միկային» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 56-րդ րոպեին աչքի ընկավ թիմի առաջատար Արմեն Շահգելդյանը:
«Փյունիկը» 2:1 հաշվով առավելության հասնելով իր հիմնական մրցակցի հանդեպ գործնականում 5-րդ տարին անընդմեջ ապահովում է չեմպիոնի կոչումը: «Փյունիկը» 10 միավորով առաջ է անցել 2-րդ տեղում ընթացող «Միկայից» եւ արդեն նրան հասնելը գրեթե անհնար է: Եւս մեկ հետաքրքիր հանդիպում կայացավ «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ «Բանանցը» 1:3 հաշվով զիջեց «Կիլիկիային»: Չնայած «Բանանցը» ընթացիկ մրցաշրջանում «Կիլիկիայից» անհամեմատ հաջող է հանդես գալիս, սակայն վերջինս շատ հաջող է հանդես գալիս հատկապես «Բանանցի» հետ հանդիպումներում, ինչպես եւ նախորդ տարվա առաջնությունում:
«Էսթեղլալ Կոտայքը» օգտվելով «Բանանցի» անհաջողությունից 2:0 հաշվով պարտության մատնեց «Դինամո Զենիթին» եւ ընդամենը 1 միավոր է զիջում 3-րդ տեղում ընթացող «Բանանցին»: