Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսների նախարարությունը վարկ ու դրամաշնորհներ կստանա

Պաշտոնական
ֆիննախ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Եվա Վիտտը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը ստորագրել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր: Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև ստորագրված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերով տրամադրված միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև` վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը: Նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով` Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաև` հարակից ծառայությունների համար: Վերոնշյալ վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ն՝ արտոնյալ: Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը ստորագրել են նաև դրամաշնորհային համաձայնագիր, որով ՀՀ-ին կհատկացվի 3.5 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Ծրագրի շրջանակում ևս 1.07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն: Ծրագրի նպատակն է նպաստել Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը: Ծրագրի շրջանակում կապիտալ ծախսերը կներառեն նոր աղբավայրի կառուցում, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների (արկղների), աղբավայ­րի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռքբերում, իսկ տեխնիկական համագործակցության շրջանակում կիրականացվեն բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ, գնումների աջակցություն և այլն:   ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին