Անձրեւը չի խանգարում ակցիային
Նույնիսկ անձրեւը չի խանգարում արդեն 11 տարի հանուն պետական կարիքների իրենց տներից զրկված բնակիչներին հավաքվել կառավարության շենքի դիմաց։ «Պապս առել է թուրքից իր երեխաների համար, չի առել սրանց համար, որ գային տները քանդեին։ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը կերել է, հիմա ավելի բարձր պաշտոն է ստացել։ Այստեղից հանում են, այնտեղ են տանում։ Սերժ Սարգսյանը, երբ որ պիտի ընտրվեր, ասեց ինձ ընտրեք, ձեր հարցը կլուծեմ, բայց նա էլ խաբեց, ընտրվեց պրծավ, չլուծեց»,- ասաց Գոհար Ասատրյանը։ Իսկ Ժենյա Պողոսյանն էլ ավելացնում է. «Ծեծելով ստորագրել տվեցին պայմանագրերը, մենք խաբվեցինք։ Ուր գնում ենք, դեմ են տալիս ստորագրել եք, ձեր հարցը փակված է։ Մենք ուզում ենք տների լրիվ արժեքը տան մեզ»։ Տան խնդրով էր կառավարության շենքի մոտ եկել Սիրանույշ Չփլախյանը։ Նրա խոսքերով՝ ինքը տոկոսով գումար է վերցրել Կառավարության մի աշխատակցից եւ կանգնել փաստի առջեւ, երկու ընտանիք հայտնվելու է փողոցում։ «Կոնկրետ Դավիթ Հարությունյան է ասել, Գագիկ Բեգլարյանը ընկերս է, հաստատ իրանց միջոցով է ինչ-որ բաներ անում»,- ավելացրեց Սիրանույշ Չփլախյանը։ Կերակրողին կորցնելու դիմաց նշանակված փոխհատուցումն էլ արդեն 85 ամիս է չի ստանում զոհված օդաչուի ընտանիքը։ Դեռ 2001 թվականին «Հայկական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը Իրանում վթարի էր ենթարկվել, իսկ ընկերության սնանկ ճանաչվելուց հետո, Օհանյան ընտանիքը մնացել առանց փոխհատուցման։ « Որ մեկը կարող է պաշտոնյաներից առանց փողի ապրի։ Ամեն անգամ պիտի գնաս խնդրես, նախագահի նստավայրից մինչեւ այստեղ եմ հասնում։ Այնտեղ խնդրում եմ հարցի լուծում, այստեղ խնդրում եմ հարցի լուծում, ու մի պատասխան՝ մտածում ենք ձեր մասին»,- նշեց Լարիսա Օհանյանը։ Կառավարության շենքի մոտ հավաքվածները կարծում են, որ իրենց հարցերը շատ արագ կկարգավորվեին, եթե լիներ ցանկություն։