Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Պաշտոնական
Turqmenstan1

Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Նիստի մասնակիցներին ողջունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և անդրադարձել ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության զարգացման հեռանկարներին, տնտեսական փոխգործակցության խորացմանը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ տարածքում ներկայում ընթանում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագրեր, որոնք էապես կնպաստեն երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Նրա խոսքով՝ կարևոր քայլեր են իրականացվում նաև էներգետիկ ոլորտում, որոնք թույլ կտան ապահովել ԱՊՀ տարածքի էներգետիկ անվտանգությունը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը համագործակցության համար լավ հարթակ է, որը նոր թափ է հաղորդում համատեղ ծրագրերի իրականացմանը: Կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: Քննարկվել են 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի դրույթների իրականացման ընթացքին, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների միջուկային և ճառագայթային անվտանգության հայեցա¬կարգին, նավթի և նավթամթերքների շուկաներում գնագոյացման և մրցակցության իրավիճակին առնչվող հարցեր: Ստորագրվել է ««Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որը պայմանավորված է ԱՊՀ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմը պատշաճ և արդյունավետ կիրառելու անհրաժեշտությամբ և նպատակաուղղված է ԱՊՀ երկրների տարածքում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը:   Նիստում անդրադարձ է կատարվել նաև մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետություններում պատերազմների վետերանների, տեղային հակամարտությունների մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների բժշկասոցիալական աջակցության հետագա զարգացման և կյանքի որակի բարելավման հիմնական ուղղությունների կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին, ԱՊՀ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման և զարգացման համար 2015 թվականի հատկացումներին և այլ հարցերի: Որոշվել է ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2015 թ. մայիսի 29-ին Աստանայում: