Փնտրում են երկու մշակույթների երկխոսության եզրը
Այսօր մեկնարկել է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները.մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը։ Այս պահին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընթանում է «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր սեղանը: Զեկուցումներով հանդես են գալու Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարների տեղակալները, խոշոր թանգարանների տնօրենները, անվանի գիտնականներ և մշակութային գործիչներ: Իսկ երեկոյան՝ ժամը 17:45-ին, Արամ Խաչատրյան տուն թանգարանում կբացվի «Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարաններ ի համառուսաստանյան միավորման՝ Ս. Ռախմանինովի և Ֆ. Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, որոնցից 174-ը բնօրինակներ են և պատմում են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինովի և երգիչ, դերասան, նկարիչ Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինի կյանքի ու գործունեության մասին: Ցուցադրության այցելուներին հնարավորություն կընձեռվի ունկնդրել ցուցահանդեսի բացմանը նվիրված համերգ՝ Արամ Խաչատրյանի, Միխայիլ Գլինկայի, Սերգեյ Ռախխմանինովի ստեղծագործություններից և Ֆյոդոր Շալյապինի երգացանկից: