Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10-15 տարի հետո ՀՀ-ում կարող է անտառ չմնալ այլեւս (տեսանյութ)

Հասարակություն
23a699f3413f15cac8dcad15607862e5

Եթե այս տեմպերով շարունակվեց անտառների հատումը, տասնհինգ-քսան տարի հետո Հայաստանում ընդհանրապես անտառ չի մնալու: «Մարդիկ ասում են գազի թանկացման պատճառով այլ ելք չունեն, եւ հայացքը ուղղում են դեպի անտառները։ Ասում են՝ երեխաների համար ենք անում, որ սոված չմնան եւ չմրսեն: Բայց տարիներ հետո այդ երեխաները խնդիրներ կունենան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց բնապահպան Գոռ Հովհաննիսյանը: Նոյեմբերի տասներեքին համահայկական բնապահպանական ճակատի եւ Armenia Exstreme Club-ի անդամները Տավուշի մարզում՝ Պաղջուր գետի հովտում, հայտնաբերել են բազմաթիվ հատված ծառեր: Բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը կարեւոր է համարում, որ փոխվի վերաբերմունքը անտառների նկատմամբ, անտառների 90%-ին ընդհանրապես ձեռք տալ չի կարելի: Իսկ անտառապատ է հանրապետության ութ տոկոսն ընդամենը: «Հայանտառը» անտառները դիտարկում է որպես փայտանյութ, ինչքանով կարելի է ծախել, կամ այս կամ այն գործունեություն անել, անտառները պետք է գտնվեն բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող ռեժիմի տակ»,- ասում է Լեւոն Գալստյանը: «Հայանտառ» ՊՕԱԿ Իջեւան անտառատնտեսության մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանն էլ ավելացրեց, որ այս տարի ապօրինի հատվել է 12 ծառ եւ կազմվել է համապատասխան արձանագրություն: Նա անհիմն համարեց այն պնդումները, թե համատարած անտառահատումներ են իրականացվում: Արթուր Գաբրիելյանը առաջարկեց միասին խնդրի լուծում գտնել եւ կանխել ապօրինի ծառահատումները: «Իջեւան» անտառատնտեսության մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալն ավելացրեց, որ անտառապետը ստանում է 90 հազար դրամ, իսկ անտառապահը 70 հազար դրամ: Յուրաքանչյուր անտառապահ օրեկան ոտքով պետք է հսկի հազար հա տարածք: