Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համերգ՝ 4 դաշնամուրով (տեսանյութ)

Մշակույթ
piano

Երաժշտությունը տարիք և սահման չունի: Հնչյունն էլ երաժիշտն է արարում, և չկա վատ գործիք, կա վատ երաժիշտ: Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք բացառիկ համերգը սրա ապացույցն է լինելու՝ ասում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, համերգի կազմակերպիչ ու մասնակից Վահան Մարտիրոսյանը: 4 դաշնամուրի գաղափարը ծագել է Ժնևի «Վիկտորիա Հոլլ»-ում կայացած համերգից հետո, որտեղ Բախի դաշնամուրային կոնցերտով հանդես է եկել ինքը՝ Վահան Մարտիրոսյանը, երեք շվեյցարացի դաշնակահարների հետ: Միակ խնդիրն այն էր, որ պետք էր գտնել դահլիճ, որտեղ չորս դաշնամուր լինի: Կաննի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարող Վահան Մարտիրոսյանը, լինելով Ֆրանսիայի ներկայացուցիչ, միշտ հայ-ֆրանսիական կամուրջ ստեղծելու ցանկություն է ունեցել և որպես մենակատարներ հրավիրել է Տրիստան Պֆաֆֆին և Օլիվյե Պեյրբրյունին: Ինչ վերաբերում է Սվետլանա Նավասարդյանին, Վահան Մարտիրոսյանը նրան համարում է իր ուսուցիչը, որի խորհուրդներին հետևում է մինչ օրս: Սա եզակի համերգ է՝ եզակի ծրագրով, որը դեռ երկար չի կրկնվի. ասում է Վահան Մարտիրոսյանը: 21-րդ դարում արտիստը պետք է մոտ լինի հանդիսատեսին, առաջարկի հետաքրքիր ծրագիր և որակյալ կատարում, և ունկնդրի պակաս չի ունենա։ Ինչ վերաբերում է, որ այսօրվա հանդիսատեսը հաճախ ծափահարում է մասերի միջև, սրա մեջ որևէ սարսափելի բան չկա: