Ուսուցչուհին անհանգստանում է ազատազրկված աշակերտի համար
«Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով ազատազրկման դատապարտված բոլոր անձինք անմեղ են եւ պետք է արդարացվեն։ «Հույս ունեմ, որ մի լույս աստղ կբացվի եւ նրանք բոլորն էլ դուրս կգան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 4,6 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը; Տիկին Պետրոսյանը հավասարապես մտածում է դատապարտված բոլոր տղաների մասին, բայց ավելի շատ անհանգստանում է 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանի համար։ «Կարող է համաներման տակ էլ չընկնի, ընտանիք ունի՝ երիտասարդ կին, երկու անչափահաս երեխա»,- ավելացրեց նա։ Ի դեպ, տիկին Լաուրան եղել է Վահե Մկրտչյանի ուսուցչուհին։ Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, գործով անցնող բոլոր 14 անձանց մեղավոր ճանաչեց, անցյալ տարվա նոյեմբերի 5-ին՝ Մաշտոցի պողոտայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտեց 6 տարվա ազատազրկման, նրա որդին Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա պայմանական ազատազրկման։ Դատարանը ամենախիստ պատիժը սահմանեց Վահե Մկրտչյանի նկատմամբ՝ 7 տարվա ազատազրկում։ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց 6, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը՝ 5, Հայկ Հարությունյանը 4,6 ամիս, Ալեք Պողոսյանը եւ Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 , Սեւակ Մնացականը՝ 1 տարի 6 ամսվա, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման։ Իսկ Միսաք Առաքելյանի նկատմամբ նշանակվել էր 50 հազար դրամ տուգանք։ Ի դեպ, Տիգրան Պետրոսյանն արդեն ազատության մեջ է։ Նա ամբողջությամբ կրել է իր պատիժը։