Ժյուրիի կազմում կլինեն նաեւ զինվորներ
«Ռոլան Բիկով» հիմնադրամը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» 10-րդ միջազգային փառատոնը` ՀՀ նախագահի և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնն իր ձևաչափով միակն է Անդրկովկասում Փառատոնը, որ կտեւի նոյեմբերի 8-12-ը, միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում: Փառատոնի ձևաչափն այս տարի փոխվել է. մանկապատանեկան ֆիլմերի ժյուրիի անդամ են դառնալու հենց երեխաներն ու պատանիները: «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում հաղթողներին ընտրելու են Լոռու մարզի, Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանքը»՝ Գավառի մանկատան սաները: «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգի հաղթողներին կորոշեն «Թումո» ստեղծարար կենտրոնի երեխաները, իսկ «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ուղղվածություն ունեցող ֆիլմերի հաղթողին կընտրեն Գորիսի, Սիսիանի, Իջևանի , Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորները: Տասը տարիների ընթացքում փառատոնի մասնակիցների թիվը հասնում է 150.000-ի, ներկայացված ֆիլմերինը՝ ավելի քան 2.000-ի: Մասնակից երկրների թիվը վաթսունից ավելի է, հյուրերինը՝ յոթ հարյուրից: «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը կարևորում է միջազգային կազմակերպությունների հետ համագործությունը, քանի որ նրանց հետ միասին բազում ծրագրեր են իրագործվել թե՛ փառատոնի շրջանակում, թե՛ դրանից դուրս: Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ փակման արարողության ընթացքում: Մուտքն ազատ է: