ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՈրակավորման առաջին փուլի հանդիպումներով այսօր մեկնարկում է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2005/06թթ. խաղարկությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» իր հանդիպումը կանցկացնի վաղը, Ֆինլանդիայում տեղի ժամանակով 18:30-ին մրցելով «Հակա» թիմի հետ:
Վերջինս 7-րդ անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի խաղարկություններին, իսկ «Փյունիկը»` 5-րդ անգամ: Հայաստանի չեմպիոնը Ֆինլանդիա է մեկնել իր օպտիմալ կազմով: Դարպասապահ Ապուլա Բետեն եւ կիսապաշտպան Կառլ Լոմբեն այս հանդիպումից հետո կմեկնեն Հյուսիսային Իռլանդիա, որեսզի միանան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին նախապատրաստվող Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականին: Փաստորեն այս 2 առաջատար ֆուտբոլիստները չեն կարողանա մասնակցել Երեւանում հուլիսի 19-ին կայանալիք պատասխան մրցավեճին, ուստի «Փյունիկի» համար էլ ավելի մեծ նշանակություն է ունենալու առաջին հանդիպումը: Կրկին չեմպիոնի կազմ է վերադարձել փորձառու Ռաֆայել Նազարյանը, որը հանդես էր գալիս Բելառուսում, սակայն զրկված էր գործնական ֆուտբոլից եւ, գրեթե, խաղային պրակտիկա չունի:
«Փյունիկը» Հայաստանի առաջնության վերջին 4 հանդիպումներից 3-ը ավարտել է 0:0 հաշվով, իսկ մյուսում հաղթել 1:0 հաշվով: Հատկապես կաղում է թիմի հարձակման գիծը: Ամուր պաշտպանությամբ է աչքի ընկնում է նաեւ «Հական»: Այս թիմը Ֆինլանդիայի ընթացիկ առաջնությունում այնքան էլ հաջող չմեկնարկեց, սակայն աստիճանաբար բարելավում է իր դիրքերը եւ այժմ բարձրացել է 3-րդ հորիզոնական: Ֆինլանդիայի առաջնության վերջին տուրում «Հական» 8:0 հաշվով հաղթել է «Ալիասնսի» թիմին:
Եթե «Փյունիկը» Հայաստանի ընթացիկ առաջնությունում պարտություն չունի, ապա «Հական» պարտվել է ընդամենը մեկ անգամ: Հայաստանի չեմպիոնի մրցակցի կազմում գրեթե բոլորը ֆինլանդացիներ են, իսկ թիմի գլխավոր ռմբարկու Վալերի Պոպովիչը ազգությամբ ռուս է: Բուքմեյքերական կազմակերպությունները «Հակա» - «Փյունիկ» խաղում անհամեմատ բարձր են գնահատում դաշտի տերերի հաղթանակի հնարավորությունները եւ այն գնահատել են միջինը 1.58 գործակցով: Ոչ-ոքին կազմել է 3.4, իսկ «Փյունիկի» հաղթանակը` 4.5: