Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կկանխվի մեր մշակույթը յուրացնելու փորձը հարեւանների կողմից

Մշակույթ
cd105fbfba1ebc83f612468d119fc83f

«Մեր մշակութային ժառանգության հանրահռչակումը միշտ էլ եղել է մեր ոլորտի կարևոր գերակայություններից: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը լայն հնարավորություններ է ստեղծել մեր մշակութային ժառանգության հանրահռչակման համար»,- նշել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Արմենակ Խաչատրյանը: Ըստ նրա` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ նախաձեռնել է Հայաստանի մշակութային շարժական ժառանգության, ինչպես նաև այլ երկրների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկույթը միասնական ձևաչափով`մեկ տիրույթում հավաքագրելու, համակարգելու և հանրահռչակելու գործընթացը: Արմենակ Խաչատրյանի համոզմամբ` այս գործընթացը նաև մեկ շատ կարևոր դրական կողմ ունի. « Քայլ կարվի կանխելու մեր մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձը, որը արվում է մեր իսկ հարևանների կողմից»: Նրա խոսքերով ` մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանը միասնական ձևաչափով կձևավորի մեր մշակութային շարժական ողջ ժառանգության ամբողջական թվայնացման պատկերը և կապահովի տարբեր նպատակներով դրա վերաբերյալ տեղեկատվության արագ ու դյուրին օգտագործումը: Այն կներառի հիշյալ ժառանգության վերաբերյալ հանրության համար հասանելի տեղեկույթը` անկախ հավաքածուների ու առանձին արժեքների սեփականության ձևից , ստեղծման ժամանակից ու պահպանման վայրից: Շտեմարանը պարտադիր կարգով կընդգրկի պետական, իսկ կամավորության սկզբունքով` համապատասխան հայտերի ու պայմանագրերի հիման վրա` համայնքային, իրավաբանական ու ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող հավաքածուների ու արժեքների վերաբերյալ տեղեկույթը: Վերջիններս շտեմարան ներառվում են սահմանված չափանիշներին համապատասխանելու պարագայում: Շտեմարանում կընդգրկվեն տարբեր բնույթի ` իրային, ձայնային, պատկերային, գրավոր-տպագիր նյութեր: «Հիմա աշխատում ենք շտեմարանի տեխնիկական առաջադրանքների վրա, շտեմարանի ստեղծումը կլինի փուլային և այն կիրականացվի 2015-2020թվականների ընթացքում»,- հայտնել է Արմենակ Խաչատրյանը: Շտեմարանը այցելուներին կսպասարկի 2016թ. վերջից և կգործի շուրջօրյա, կունենա ըստ թեմաների, հավաքածուների, արժեքների և վերջիններիս ստեղծողների, ստեղծման վայրի, ժամանակի, նյութի չափսի, պահպանողի կամ սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկույթ փնտրել-գտնելու հնարավորություն: Շտեմարանի տեղեկույթը սկզբնական փուլում կլինի հայերեն, ժամանակի ընթացքում նախատեսվում է ներկայացնել նաև այլ լեզուներով: