Հովհ. Մանուկյանը Աստանա է տարել այբբենարաններ
ՀՀ արդարադատության նախարարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Ղազախստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ նախարարը նոյեմբերի 2-ին հանդիպել է Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել տեղի հայերին հուզող խնդիրները, անդրադարձել Ղազախստանում ապրող հայերի զբաղվածության եւ համայնքի կազմակերպչական հարցերին: Հովհաննես Մանուկյանը մի շարք նվերների հետ համայնքի ղեկավարին է հանձնել նաեւ Կիրակնօրյա դպրոցում սովորող երեխաների համար բերված այբբենարանները, որոնք նախարարին էր տրամադրել ՀՀ սփյուռքի նախարարությունը: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Ներկաները նշել են, որ կարեւորում են կապը հայրենիքի հետ եւ արդարադատության նախարարին են ուղղել Մաքսային Միությանը միանալուց հետո սպասվելիք փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ: Հովհաննես Մանուկյանը խոստացել է իր լիազորությունների շրջանակում օժանդակել համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Հանդիպմանը հաջորդել է ճաշը համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին