Համայնքի ամենաթանկ տունը ղեկավարն է գնել
Սյունիքի մարզի Լեհվազ համայնքում մինչև 1980-ականների վերջ շուրջ 60 տոկոսը թուրքեր ու ադրբեջանցիներ են եղել, հետո սկսվել է վերաբնակեցումը։ Լեհվազում 720 բնակիչ է ապրում։ Ղեկավար Սասուն Զաքարյանի խոսքով՝ երևի թե Հայաստանի միակ համայնքն է, որտեղ բնակչությունը ոչ թե պակասում է տարեցտարի, այլ ավելանում։ Համայնքի դպրոցում 96 աշակերտ է ուսանում, մանկապարտեզում՝ 68։ Եվ խմելու ջուր ունեն, և ոռոգման։ «Շատ աշխատանք համայնքում արվել է, բայց դեռ շատ էլ կա, որ չենք կարողանում կատարել»,-ասում է համայնքի ղեկավարը։ Անձրևի հետևանքով հուլիս ամսին Լեհվազ տանող ճանապարհը քանդվել է, և մինչև այժմ օժանդակություն չի ցուցաբերվել՝ այն վերականգնելու համար։ «Համայնքում տուն գնելու խնդիր էլ կա»,-ասում է Սասուն Զաքարյանը։ Կառավարության որոշմամբ՝ գյուղացիներին հիփոթեքային վարկ բանկից չի տրամադրվում։ «Մարդիկ ուզում են գյուղում ապրեն, բայց, փաստորեն, պետությունը թույլ չի տալիս»,- համայնքի ղեկավարը անկեղծորեն նշում է, որ գյուղում ամենաթանկ տունն ինքն է գնել որդու համար՝ 14 հազար դոլարով, իսկ այլ տների գները դրանից մի փոքր են ցածր։ Մեկ այլ խնդիր էլ գազաֆիկացման հարցն է, թեև գազի խողովակները գյուղից ոչ հեռու են։ Աշխատանքի հարցը Լեհվազում մեծամասամբ լուծված է։ Շատերն աշխատում են Մեղրի քաղաքում, ռուսական բանակը մոտ է՝ 25 ընտանիքի տղաներ էլ այնտեղ ծառայում են՝ ստանալով բավական բարձր աշխատավարձ, մի մասն էլ մեր Զինված ուժերում է ծառայում՝ պայմանագրային հիմունքներով։ Կան նաև Ագարակի կոմբինատում աշխատող գյուղացիներ։ Համայնքի ղեկավարը դժգոհ է այն հանգամանքից, որ գյուղացիները եթե հանկարծ փոքրիկ խանութ են հիմնում կամ անգամ ինչ-որ ուտելիք թխում ու դպրոցի մոտ վաճառում, հարկայինի աշխատակիցներն անմիջապես գալիս, գումար են պահանջում։ Ասում է՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն իրենց համայնքին մոտ է գտնվում, այդ օդն իրենք են շնչում, բայց կոմբինատն իրենց ոչնչով չի օգնում։ Զաքարյանը նշում է, որ պետությունը մտադիր է մի քանի համայնք միացնել իրար, բայց վստահ է, որ դա շատ գյուղերի վերջը կլինի։ Հիշեցնում է, որ փոքրիկ գյուղեր կան, որտեղ բառացիորեն մի քանի հոգի է բնակվում և դա էլ նրա համար, որ այդտեղ գյուղապետ կա։ Հենց նա էլ չլինի, այդ գյուղերը լիովին կդատարկվեն։ Համայնքի ղեկավարը ցավով է նշում՝ մայրաքաղաքին լավ են նայում, իսկ գյուղերն անտեսված են։ Լեհվազի բյուջեն 13 մլն դրամ է կազմում։ «Քիչ չէ՝ այլ համայնքների համեմատ, բայց չի հերիքում՝ շատ խնդիրներ լուծելու համար»,-եզրափակում է Սասուն Զաքարյանը։