ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻՑ»
Աջակցիր «Ա1+»-ինԱրկադի Անդրեասյանը եւ նրա որդին հեռացվել են «Լեռնային Արցախ» ակումբից, իսկ ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն շուտով կարող է բավականին խիստ պատժամիջոցների ենթարկել ընթացիկ առաջնությունում անհաջող հանդես եկող «Լեռնային Արցախին» եւ նրա արդեն խակին մարզչական շտաբին:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Միկա» - «Լեռնային Արցախ» հանդիպման ժամանակ լուրջ միջադեպ էր գրանցվել. մրցավար Արարատ Ճաղարյանի գործողություններից դժգոհելով` «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը եւ նրա որդին` Գեորգին, պահեստայինների նստարանից սկսել էին հայհոյել մրցավարին:
Ճաղարյանը սկզբում խաղադաշտից հեռացրել էր Գեորգի Անդրասյանին, ինչից վրդովվելով` Արկադի Անդրեասյանը էլ ավելի էր բռնկվել եւ ներխուժել խաղադաշտ: Վերջինս նույնպես հեռացվել էր խաղադաշտից, սակայն նրան դուրս հրավիրելու համար մեծ ջանքեր էին պահանջվել:
Վաղուց հայկական ֆուտբոլում նման տհաճ պատահարներ տեղի չէին ունեցել, եւ ահա Արկադի Անդրեասյանը կրկին հիշեցնել տվեց իր մասին: Նախկինում նա բազմիցս նման իրավիճակներ է ստեղծել մարզադաշտերում եւ նույնիսկ ճանաչվել է «անցանկալի անձ հայական ֆուտբոլում»: Հետագայում նրան ներում շնորհվեց` հաշվի առնելով նրա մեծ ավանդը «Արարատ-73»-ում: