Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍՐՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Սպորտ

Շախմատի Եվրոպայի առաջնության 11-րդ տուրում Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղաց Լիվիու Նիսիպեանուի հետ, սակայն միավորներով հավասարվեց առաջատար Սերգեյ Կարյակինին, որը այս տուրում պարտություն կրեց Պավել Ելյանովից: Ասրյանը, Ելյանովը, Կարյակինը եւ եւս 4 շախմատիստներ այժմ 8-ական միավոր են վաստակել: Փաստորեն, այժմ 7 շախմատիստներ հավասարապես հավակնում են չեմպիոնի տիտղոսին: Բացի այդ, նրանց պայքարին լրջորեն կարող են միջամտել եւս 11 հոգի, որոնք ունեն 7.5-ական միավոր: Այս շախմատիստների թվում է նաեւ 11-րդ տուրում ոչ-ոքի խաղացած Լեւոն Արոնյանը:

Մյուս 6 հայ շախմատիստները սպասվածից անհաջող են հանդես գալիս: Լավագույն դեպքում նրանցից 1-2-ը կարող են հայտնվել 1-ին 34 մասնակիցների շարքում եւ նվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր:

Նախավերջին 12-րդ տուրում Կարեն Ասրյանը հանդիպելու է մրցաշարում վարկանիշով թիվ մեկ շախմատիստ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Փորձառու այս գրոսմայստերը նույնպես առաջատարների թվում է եւ ընթացիկ առաջնությունում պարտություն չի կրել: Լեւոն Արոնյանն էլ կմրցի բելառուս Ալեքսեյ Ֆեդորովի հետ: