Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքում (տեսանյութ)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ Սիրելի հայրենակիցներ, Նախքան ելույթիս բուն նյութին անցնելը հարկ եմ համարում կատարել որոշ հստակեցումներ, ինչի անհրաժեշտությունը թելադրված է Քառյակի գործունեության եւ հետապնդած նպատակների վերաբերյալ զանազան անհեթեթ կարծիքների ու ասեկոսեների առկայությամբ. 1. Մինչ այժմ Քառյակն ընդամենը ընդդիմադիր խորհրդարանական ուժերի դաշինք էր, որն իր երկամյա գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարեց թե՛ Ազգային Ժողովում պառլամենտարիզմի ոգու վերականգնման, թե՛ Հայաստանի ներկայիս վարչախմբի արատների ու հանցագործությունների բացահայտման, եւ թե՛ ընդհանրապես հասարակական կարծիքի ձեւավորման գործում։ 2. Այսօրվանից, սակայն, երբ ի դեմս ձեզ, Քառյակի ծրագրած հանրահավաքային գործընթացին միացել են հսկայական զանգվածներ, ընդդիմադիր խորհրդարանական ուժերի համագործակցությունն ինքնըստինքյան վերածվում է համաժողովրդական շարժման, բնականաբար, իր առջեւ դրված, համակարգային լուծում պահանջող շատ ավելի արմատական խնդիրներով, որոնք ես ձեզ կներկայացնեմ քիչ անց։ 3. Նորաստեղծ շարժումը գլխավորում են` Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ժառանգությունը, Բարգավաճ Հայաստանը եւ Հայ Ազգային Կոնգրեսը։ Շարունակելով հանդերձ մեզ հետ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում, Դաշնակցությունը ինչ-ինչ նկատառումներով հարմար չի համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը, եւ մենք հարգանքով ենք վերաբերվում նրա դիրքորոշմանը։ Ինչեւիցե, կարեւորն այն է, որ կազմի մասնակի փոփոխությունից հետո էլ հրաշալի Քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի Քառյակ։ 4. Հակառակ որոշ հորինված կասկածների ու բամբասանքների՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Օրինաց երկիր կուսակցությունը այս շարժման հետ որեւէ առնչություն չունեն։ Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց։ 5. Կենտրոնանալով բացառապես սեփական ուժերով մեր երկրի ներքին հարցերը լուծելու վրա, շարժումն իր առջեւ աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում եւ առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում ամենեւին չի պատրաստվում անդրադառնալ այդ թեմային։ Իրականում Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն էլ չունի, որովհետեւ, ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամակցումը Եւրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է (1.03.2014)։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել։ 6. Ի հեճուկս ոստիկանապետի եւ վարչապետի, ովքեր փորձում են մեզ մեղադրել հեղափոխություն կազմակերպելու կամ անկարգություններ հրահրելու մտադրության մեջ, չխորշելով նաեւ ժողովրդին սպառնալ սառը ցնցուղով կամ նոր մարտի 1-ով, շարժումը հաստատակամ է` գործելու բացառապես սահմանադրության եւ օրենքների շրջանակում, օգտվելով խաղաղ քաղաքական պայքարի նրանց ընձեռած բոլոր հնարավորություններից` հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, պիկետներ եւ այլն։ Ուստի այդ իրավունքների իրականացման դեմ ուղղված ցանկացած գործողություն դիտվելու է որպես իշխանություների կողմից կազմակերպված սադրանք` համապատասխան գնահատականի արժանանալով հասարակության եւ, հուսանք, նաեւ միջազգային հանրության կողմից։ 7. Նկատի ունենալով վարչախմբի նենգ գործելաոճը, մենք ձեզ կոչ ենք անում ոչ մի պարագայում տուրք չտալ սադրանքների, չզբաղվել ինքնագործունեությամբ, այլ ղեկավարվել բացառապես շարժման ղեկավարության համատեղ կայացրած որոշումներով ու ցուցումներով։ Մենք ձեզ հետ ձեռնարկել ենք լրջագույն մի գործի, որը սառնասրտություն, սթափություն եւ մեծագույն պատասխանատվություն է պահանջում, ինչպես շարժման ղեկավարությունից, այնպես էլ ձեզանից։ 8. Վարչախմբի հանդեպ անխնա քննադատությամբ հանդերձ, մեր հանրահավաքներում իշխանության ներկայացուցիչների հասցեին անձնական վիրավորանքներ ու հայհոյանքներ չեն հնչելու։ Մենք նրանց մասին խոսելու ենք միայնումիայն քաղաքական լեզվով, բայց չզլանալով իրերը կոչել իրենց անունով։ Եթե գող են` ասելու ենք գող, եթե կաշառակեր են` ասելու ենք կաշառակեր, եթե մարդասպան են` ասելու ենք մարդասպան, եթե տգետ են` ասելու ենք տգետ, եթե ամբարտավան են` ասելու ենք ամբարտավան, եթե ստախոս են` ասելու ենք ստախոս եւ այլն։ 9. Տիրապետելով լիարժեք տեղեկատվության եւ ելնելով նպատակահարմարությունից, Քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման ընթացքի արագությունը եւ հանրային միջոցառումների ժամանակացույցը։ Ուստի ձեզանից ակնկալվում է լիովին վստահել Քառյակին եւ ըմբռնումով մոտենալ նրա կայացրած որոշումներին, որովհետեւ առանց փոխադարձ վստահության, մեր ձեռնարկած լրջագույն գործը չի կարող հաջողությամբ պսակվել։ * * * Անցնելով ներկա համաժողովրդական շարժման հետապնդած խնդիրներին ու վերջնական նպատակին, ես չեմ ուզում ծանրանալ Քառյակի 12 պահանջների եւ վարչախմբի ձեռնարկած սահմանադրական «բարեփոխումների» վրա, քանի որ թե՛ մամուլում, եւ թե՛ այսօրվա հանրահավաքում դրանց մասին արդեն այնքան է խոսվել, որ այլեւս այդ թեմաներով հասարակությանը ձանձրացնելու կարիք չկա։ Քառյակն այնքան միամիտ չէր, որ կարծեր թե կառավարությունը կատարելու է իր պահանջագրի 12 կետերը։ Նրա նպատակն ընդամենը ապացուցելն էր, որ վարչախումբը պատրաստ չէ թեկուզ ամենաչնչին հարցում անգամ ընդառաջ գնալ հասարակության պահանջներին, ինչի սպառիչ հաստատումը հանդիսացավ նշված կետերի վերաբերյալ կառավարության հրապարակած ամբարտավան պատասխանը։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա մամուլի, վերլուծաբանների եւ քաղաքական ուժերի հարյուրավոր բացասական արձագանքներից հետո, միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի ուրիշներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է ոչ թե սեփական իշխանությունը հավերժացնելու նկատառումով, այլ միայնումիայն, բացառապես, «իր հոր արեւ»՝ երկրի ու ժողովրդի բարօրության համար։ Իսկ այժմ շարժման բուն նպատակի մասին։ Իմ կարծիքով, մենք այլեւս մանրմունր հարցերով զբաղվելու իրավունք չունենք, քանի որ ակնհայտ է, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հետ կապված մանր թե մեծ բոլոր ցավոտ խնդիրների արմատը վարչախմբի հանցավոր էությունն ու լիակատար արատավորությունն է։ Հետեւաբար այդ խնդիրները պահանջում են ոչ թե մասնակի, այլ համակարգային լուծումներ, ինչը նշանակում է, որ հիրավի հասունացել է ավազակապետությունից ազատվելու եւ ավգյան ախոռները մաքրելու ժամանակը։ Ավելի հարմար պահ, երբ վարչախումբը բոլորովին մեկուսացած է ու բարոյալքված, իսկ ընդդիմությունն` առավելագույնս համախմբված ու վճռական, եւ երբ ժողովրդի համբերության բաժակը լցվել է մինչեւ պռունկ, իսկ միջազգային հանրությունն էլ երես է թեքել Հայաստանի իշխանություններից, դժվար է պատկերացնել։ Ուստի եթե այս պահը բաց թողնվի եւ մոտ ժամանակներս իշխանափոխություն տեղի չունենա, ապա, առանց չափազանցության, թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը դատապարտված են կործանման կամ էլ այնպիսի անելանելի վիճակի մեջ հայտնվելու, որը կբացառի նրանց հետագա նորմալ զարգացումն ու ապահով գոյությունը։ * * * Սարգսյանական վարչախմբից օրառաջ ազատվելու անհրաժեշտության բազմաթիվ հիմնավորումներից ես կառանձնացնեի հետեւյալ չորսը, իմ կարծիքով, ամենակարեւորները. 1. Ո՛չ 2008, ո՛չ էլ 2013 թվականների ընտրություններում Սերժ Սարգսյանը չի ընտրվել, այլ նախագահի աթոռը զավթել է համատարած ընտրակեղծիքների, լայնածավալ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ տասը քաղաքացիների գնդակահարության գնով։ Զանգվածային կեղծարարության, մասնավորապես վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընտրակաշառքի միջոցով է ձեւավորվել նաեւ Ազգային Ժողովի ներկայիս կազմը, ապահովելով իշխող ավազակաբարո կուսակցության մեծամասնությունը։ Այսպիսով, թե՛ երկրի գործող նախագահը, թե՛ խորհրդարանը օրինակարգ կամ լեգիտիմ իշխանություններ չեն, ինչը նշանակում է, որ օրինակարգ չեն նաեւ նրանց կողմից կազմավորված պետական բոլոր մարմինները՝ կառավարությունը, դատախազությունը, դատարանները, ոստիկանությունը եւ այլն, բացառությամբ բանակի։ Նույն վիճակն է տիրում նաեւ գրեթե բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնց ղեկավարները նույնպես իրենց աթոռներն զբաղեցրել են կեղծված ընտրությունների արդյունքում։ Հետեւաբար, Հայաստանի ողջ իշխանական համակարգը, անկախ աշխարհաքաղաքական կամ կայունության նկատառումներով միջազգային հանրության կողմից ճանաչված լինելու հանգամանքից, օրինակարգ չէ, ինչն անհանդուրժելի է իրեն ժողովրդավարական համարող որեւէ պետության պարագայում։ 2. Ոչ օրինակարգ լինելու հետ մեկտեղ, Հայաստանի իշխանական բուրգը նաեւ խորապես թաղված է կոռուպցիայի մեջ։ Երկրի դիտավորյալ ձեւախեղված տնտեսական համակարգը լիովին հարմարեցվել է անխնա թալանի միջոցով վարչախմբի հարստացման պահանջներին։ Կոռուպցիայի ախտով վարակված է Հայաստանի իշխանության ողջ վերնախավը՝ սկսած նրա պարագլուխներից, ավարտած նախարարներով, մարզպետներով, դատավորներով, դատախազներով, քաղաքապետերով եւ այլն։ Չկա որեւէ բարձրաստիճան պետական պաշտոնյա, որը սեփական բիզնես չունենա կամ իր պաշտոնավարման ընթացքում հսկայական հարստություն կուտակած չլինի։ Չկա նաեւ ամսական թեկուզ 500 դոլարի եկամուտ բերող բիզնես, որից իշխանության որեւէ ներկայացուցիչ հասույթ չստանա։ Մի խոսքով, շուրջ հինգ հազար բարձրաստիճան պետական պաշտոնյա օրուգիշեր բութ դանակով պարզապես քերթում է ժողովրդի կաշին՝ ամենեւին դադարելու եւ կշտանալու հակում ցույց չտալով։ Որպես պատմաբան հավաստում եմ եւ կարող եմ փաստերով ապացուցել, որ նույնիսկ օտարների տիրապետության օրոք Հայաստանն այնպիսի համատարած թալանի չի ենթարկվել, քան հիմա։ Ավելին, պատմության հեգնանքով, այդ անհագուրդ թալանն իրականացվում է հայ ժողովրդի ամենաժուժկալ եւ անարծաթասեր նվիրյալներից մեկի՝ Գարեգին Նժդեհի հետեւորդները համարվող Հանրապետական կուսակցության գիշատիչների կողմից (կոռուպցիայի մասին ավելի մանրամասն տե՛ս 2010թ. հոկտեմբերի 15-ի իմ ելույթը)։ 3. Կոռուպցիան, ինքնին մեծագույն չարիք լինելով հանդերձ, նաեւ գլխավոր պատճառն է ավելի աղետալի մի չարիքի, այն է՝ ահավոր չափերի հասած արտագաղթի։ Գաղջ մթնոլորտը, Սփյուռքի գործոնը կամ Ղարաբաղի սառեցված հակամարտությունը խաղաղ պայմաններում զանգվածային արտագաղթի երեւույթի հետ ոչ մի կապ չունեն, այլ սոսկ դատարկ պատրվակներ են վերջինիս հիմնական պատճառը թաքցնելու համար։ Անգամ միջնադարում խաղաղության շրջանում Հայաստանից զանգվածային արտագաղթեր տեղի չեն ունեցել։ Հետեւաբար, ոչ մի այլ պատճառ, քան ժողովրդի անխնա թալանը, չպետք է փնտրել։ Երբ մարդուն կողոպտում ես, խլում նրա ունեցվածքը եւ զրկում օրինական դաշտում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունից, նրան մնում է կա՛մ արդարադատություն փնտրել, կա՛մ էլ հեռանալ երկրից։ Իսկ քանի որ Հայաստանում արդարադատություն ասվածը պարզապես գոյություն չունի, մարդն ստիպված բռնում է գաղթի ճամփան։ Ահա եւ արտագաղթի երեւույթի ողջ գաղտնիքը։ Մի՛ գողացեք, եւ ժողովուրդը զանգվածաբար երկիրը չի լքի։ Տարիներ շարունակ, կեղծելով վիճակագրության տվյալները, իշխանություններն ապօրինաբար թաքցնում են արտագաղթի ծավալները։ Գերհավաստի աղբյուրներից ես գիտեմ Հայաստանի ներկայիս բնակչության իրական թիվը, որը, սակայն, երկրի անվտանգության նկատառումներով չեմ կարող հրապարակել։ Այդ կապակցությամբ ձեզ, համենայն դեպս, որոշ պատկերացում տալու համար միայն նշեմ, որ վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանի աշակերտների թիվը շուրջ 600 հազարից իջել է 300 հազարի։ 4. Իշխանափոխության անհրաժեշտության կարեւորագույն հիմնավորումներից վերջինն այն է, որ սարգսյանական վարչախումբն արդեն այնքան է փչացել, որ այլեւս անընդունակ է բարեփոխվելու եւ երկրի ու ժողովրդի շահերից բխող որեւէ դրական քայլ կատարելու։ Նման ունակության կամ թեկուզ մտադրության առկայության պարագայում՝ հանցագործությունների մեջ թաղված տխրահռչակ անձնավորություններից մեկը ԱՄՆ-ում դեսպան, իսկ մյուսը՝ Սյունիքում մարզպետ չէր նշանակվի։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ միամտաբար հույսեր էին կապում ներկա իշխանությունների վարքագծի շտկման հեռանկարի հետ, ապա այդ նշանակումներով նման հույսերը հօդս ցնդեցին։ Ի՞նչ բարեփոխման մասին կարող է լինել խոսքը, երբ իշխանություններն օր-օրի ավելի անողոքաբար են կեղեքում ժողովրդին, ավելի ամբարտավանորեն են խախտում օրենքներն ու Սահմանադրությունը, խափանում են ընդդիմության անխտիր բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, ապօրինաբար բոյկոտում փոքրամասնություն կազմող խորհրդարանական խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստերը՝ դրա հետ մեկտեղ փարիսեցիաբար բարբաջելով երկխոսության եւ համագործակցության անհրաժեշտության մասին։ Խոչընդոտելով ընդդիմադիր խորհրդարանական ուժերի գործունեությունն Ազգային Ժողովի ներսում, իշխանությունները փաստորեն իրենք են ընդդիմությանն ստիպում քաղաքական պայքարը փողոց տեղափոխել։ Հետեւաբար, ընդդիմությանն այլ բան չի մնում անելու, քան ընդունել այդ մարտահրավերը եւ իր նպատակներին հասնել ժողովրդի անմիջական աջակցությամբ։ Դատելով վերոշարադրյալից՝ սարգսյանական ռեժիմը լիովին սպառված է, ընդ որում թե՛ հայ ժողովրդի, թե՛ նաեւ արտաքին աշխարհի աչքում։ Նրա կառավարման յուրաքանչյուր օր կորուստ է երկրի եւ ժողովրդի համար, իսկ նրա գոյության երկարաձգումը՝ անխուսափելի աղետ, որից խուսափելու միակ միջոցը շուտափույթ եւ ամբողջական իշխանափոխությունն է, այսինքն՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչ վերաբերում է իշխանափոխության իրականացման փաթեթային թե փուլային տարբերակներին կամ արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ապա այդ մասին խոսք կլինի հաջորդ հանրահավաքում։ Վարչախմբից այլեւս սպասելիք չունենալով, այսուհետեւ մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել եւս վեջնագրեր չենք ներկայացնելու։ Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը։